Հայաստանում տեղի է ունենում ԱՊՀ երկրների կրթության ոլորտում Համագործակցության խորհրդի նիստը

25.10.2007, 14:56
Հայաստանում տեղի է ունենում ԱՊՀ երկրների կրթության ոլորտում Համագործակցության խորհրդի նիստը
Հայաստանում տեղի է ունենում ԱՊՀ երկրների կրթության ոլորտում Համագործակցության խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում հինգշաբթի մեկնարկեց ԱՊՀ անդամ-երկրների կրթության ոլորտում Համագործակցության խորհրդի 20-րդ նիստը։

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կրթության նախարարների հերթական նիստը վկայում է այն մասին, որ մշտական խորհրդակցությունները ոչ միայն նպաստում են ԱՊՀ միջպետական համագործակցության զարգացմանը, այլև գործուն մեխանիզմ են դառնում կրթության ազգային համակարգերի զարգացման համար։

Նրա խոսքերով, համաժողովի ժամանակ քննարկվելու են ուսանողների փոխանակման հարցերը, ճշտվելու են բուհական մասնագիտությունների ցուցակները, ինչպես նաև ԱՊՀ երկրներում դիպլոմների փոխադարձ ճանաչման հարցերը։

«Մենք կարծում ենք, որ արժանին մատուցելով կրթության ազգային համակարգին, մշակույթին, լեզվին և ավանդույթներին, անհրաժեշտ է մշակել կրթության զարգացման հետագա մոտեցումները՝ տարբեր երկրների փորձի հիման վրա և ապահովել դրանց ներդաշնակ ներդրումը։ Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հարգի համարի իր երկրում կրթություն ստանալը»,- ընդգծեց նախարարը։

Նա նշեց, որ Հայաստանի պես փոքր երկրների համար շատ կարևոր է աշխատել մեծ կրթական տարածություններում, ինչն այս ոլորտում բարձր որակի ապահովման երաշխիքն է։

«Այժմ Հայաստանն աստիճանաբար մտնում է եվրոպական կրթական դաշտ, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրները, մասնավորապես, Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը, և մեր համագործակցությունը կնպաստի այս գործընթացի մեծ արդյունավետությանը»,- ասաց Մկրտչյանը։

ԱՊՀ անդամ-երկրների կրթության ոլորտում Համագործակցության խորհրդի 20-րդ նիստին մասնակցում են Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Մոլդովայից ժամանած պատվիրակությունները։

Երևան այցի շրջանակներում ԱՊՀ երկրների կրթության նախարարները կայցելեն 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Հուշահամալիր, «Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդես, ինչպես նաև ելույթ կունենան Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ուսանողների առջև։

Ուրբաթ՝ հոկտեմբերի 26-ին, Երևանում կբացվի ԱՊՀ երկրների կրթության նախարարների 13-րդ խորհրդաժողովը։ --0—