Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆրանսիայի հետ մշակութային և գիտակրթական համագործակցությանը

25.10.2007, 14:19
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆրանսիայի հետ մշակութային և գիտակրթական համագործակցությանը

Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-ֆրանսիական մշակութային, գիտական և կրթական փոխանակումներին։ Այս մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է նախօրեին Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ։

«Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-ֆրանսիական մշակութային, գիտական և կրթական փոխանակումներին և խրախուսում է այս ոլորտում համատեղ ծրագրերը», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին վարչապետի խոսքերը ՀՀ կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սարգսյանը նշել է, որ ֆրանսասիրությունը և ֆրանսախոսությունը ավանդականորեն հատուկ են հայ հասարակությանը, և այս առումով բնական է համարում Հայաստանի ֆրանսիական համալսարանի հաջողությունը։

Նա տեղեկացրել է, որ հակառակ իր երիտասարդ տարիքին՝ ՀՖՀ-ն Ֆրանսիայի տարածքից դուրս լավագույն ֆրանսիական համալսարաններից մեկն է աշխարհում։ Այն նաև Հայաստանի լավագույն բարձրագույն կրթական հաստատություններից մեկն է։

Հայկական կառավարական պատվիրակությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ԱՄՆ-ից Փարիզ է ժամանել հոկտեմբերի 24-ին։ Հինգշաբթի Սարգսյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի (Francois Fillon) հետ։-0-