Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը դեռևս մնում է անհայտ. դիվանագետ

25.10.2007, 12:18
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը դեռևս մնում է անհայտ. դիվանագետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը դեռևս մնում է անհայտ, չորեքշաբթի լրագրողներին է հայտարարել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուֆոլֆ Փերինան։

«Ես չեմ կարող ասել, թե ով կլինի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի նոր թեկնածուն, քանի որ թեկնածությունն առաջադրում է Սպիտակ տունը, իսկ  հենց նախաձեռնությունը բխում է ԱՄՆ նախագահից», - ասել է Ռ.Փերինան, որը շաբաթվա վերջին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։

Նա նաև նշել է, որ չի կարող ասել նոր թեկնածուի առաջադրման հստակ ամսաթիվը, առավելևս, որ առաջադրումից հետո նա պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։

«Մենք հուսով ենք, որ բարդություններ չեն առաջանա Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցում, և դա կարվի հնարավորինս շուտ», - ասել է Ռ.Փերինան։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան ուրբաթ կավարտի երկրում իր դիվանագիտական առաքելությունը և կմեկնի Վաշինգտոն։ Երկուշաբթի օրվանից դեսպանի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը դեռևս թափուր է։ 2007 թ. օգոստոսի 3-ին Սպիտակ տունը ետ է կանչել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից։ Նախագահ Բուշի կողմից ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը ներկայացված նրա թեկնածությունը դադարացվել է՝ հայկական լոբիի և սենատոր Ռոբերտ Մենենդեզի ջանքերով։ Պատճառն այն էր, որ Հոգլանդը չցանկացավ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը ճանաչել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործած  ցեղասպանություն։

Հոգլանդը պետք է փոխարիներ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որը 2006 թ. սեպեմբերին վաղաժամ ավարտել էր իր դիվանագիտական առաքելությունը։ Հայաստանից դեսպանի ետ կանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող հայտարարություններն էին:

Հետագայում Ջ.Էվանսը հայտարարում էր, որ արտահայտել է իր սեփական տեսակետը, այլ ոչ թե ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումը։-0-