ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ընտրական գործընթացների կատարելագործման խնդրում
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին՝ ընտրական գործընթացների կատարելագործման և արդեն իսկ ձեռք բերվածը ամրապնդելու և ընտությունների գործընթացն առավել բարելավելու համար:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին նախօրեին հայտարարել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Քրիստիան Շտրոհալը՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ։
Այցի հիմնական նպատակը ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրություների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում նշված խնդիրները և ներկայացված առաջարկությունները քննարկելն է, ինչպես նաև ծանոթանալը դրանց ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
Հանդիպման ժամանակ կրկին անգամ արձանագրվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեռք բերված հաջողությունը և կարևորվեց դրա պահպանումն ու բարելավումը առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գրասենյակի կողմից ընտրությունների նախապատրաստման շրջանում ցույց տրված աջակցության, մասնավորապես, անցկացված վերապատրաստման և ԿԸՀ-ին տրամադրված օժանդակության համար, ինչն իր դրական ներդրումն է ունեցել ընտրությունների հաջող անցկացման գործում: --0--