Ընդդիմության երեկվա բախումը իրավապահ մարմինների հետ քաղաքական ենթատեքստ ուներ. Հայաստանի փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմության երեկվա բախումը իրավապահ մարմինների հետ քաղաքական ենթատեքստ ուներ, չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը։
«Բոլորը հավասար են օրենքի առաջ և պետք է հավասար պատասխանատվություն կրեն՝ հասարակական կարգի խախտման համար»,-ասաց Աբրահամյանը։
Նրա կարծիքով, նման միջադեպերը ձեռնտու չեն իշխանություններին՝ սպասվող նախագահական ընտրությունների համատեսքտում, սակայն իրավապահ մարմինները գործել են օրենքի սահմաններում։
«Այդ ձեռագիրը մեզ ծանոթ է և այս անգամ չի անցնի, քանի որ մենք մտադիր ենք անցկացնել հանգիստ նախագահական ընտրություններ»,-ասաց Աբրահամյանը։
Հոկտեմբերի 23-ի երեկոյան Երևանի կենտրոնում թռուցիկներ բաժանելու ժամանակ իրավապահ մարմինների և ընդդիմության ներկայացուցիչները ծեծկռտուք են սարքել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ծեծկռտուքի մոտ քսան մասնակիցներ։
Իրավապահ մարմինների հետ բախում ունեցած մի շարք ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ քրեական գործ է հարուցվել՝ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար։
Իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թվում էին «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր, «Իմպիչմենտ» քաղաքական դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը և մի շարք այլ ընդդիմադիր գործիչներ։
Հոկտեմբերի 26-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը՝ 2008թ. նախագահական ընտրություններին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանն աջակցելու նպատակով։ Հանրահավաքը արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից։ --0—