ԱՄՆ կառավարությունը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին` 2008թ. նախագահական ընտրությունների անցկացման համար
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ կառավարությունը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին` 2008թ. նախագահական ընտրությունների անցկացման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը՝ նախօրեին վաշինգտոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծվել է հարցերի լայն շրջանակ: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ընթացքին` վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ իշխանությունների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ:
ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում լավ հիմքեր են ստեղծվել՝ շարունակելու ընտրական գործընթացների կատարելագործման նախաձեռնությունները:
Կողմերը քննարկել են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա ընթացքը, արձանագրել են այդ գործընթացի հնարավորին արագացման կարևորությունը:
Այս առնչությամբ Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի աճող ռազմատենչ հայտարարություններն ամենևին էլ չեն նպաստում գործընթացին:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև մյուս հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, անվտանգության և էներգետիկ խնդիրներին, Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ առաքելություններում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-23-ը ԱՄՆ-ում էր՝ պաշտոնական այցով։--0--

