Երևանում մեկնարկում է «Արևորդի» տարածաշրջանային բնապահպանական փառատոնի երկրորդ փուլը
Առաջին տարածաշրջանային «Արևորդի» բնապահպանական փառատոնի երկրորդ փուլի բացման արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի երեկոյան՝ Երևանի Ազնավուրի անվան հրապարակում։
«Այսօր մենք կներկայացնենք մեր երկրի մարզերի դպրոցականների կողմից՝ աղբից պատրաստված կենդանիների պատկերների եզակի հավաքածուն, որը կրում է «Կենդանաբանական այգում» անվանումը»,-միջոցառման բացումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց բնապահպանական փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Նրա խոսքերով, հավաքածուի մեջ ներգրավված են Հայաստանի կենդանիների (որոնց մի մասը գտնվում է անհետացման եզրին) արձանիկները։
Խաչատրյանը հավելեց, որ փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ փառատոնի մասնակիցներին կողջունեն Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ժյուրիի անդամները՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից ժամանած արվեստի հայտնի գործիչները։
Իր հերթին Հայաստանի բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը հավելեց, որ «Արևորդի» փառատոնը մեծ կարևորություն ունի հանրապետության համար, քանի որ «ստիպում է մարդականց՝ նորովի նայել բնապահպանական խնդիրներին»։
«Արևորդի» բնապահպանական փառատոնն ի վիճակի է փոխել մարդկանց հասարակական գիտակցությունը՝ ստիպելով նորովի նայել շրջակա միջավայրին և նրա խնդիրներին»,-ընգծեց Պեպանյանը։
Այս կապակցությամբ ժյուրիի անդամ, բրիտանացի ռեժիսոր Սյու Դեյլին հավելեց, որ փառատոնի շրջանակներում նախատեսված է բնապահպանական թեմայով ֆլմերի ցուցադրություն։ «Դա բավականին ուժեղ և արդյունավետ միջոց է՝ մարդկանց բնապահպանական խնդիրները հասցնելու համար»,-ընգծեց նա։
Հոկտեմբերի 24-28-ը Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում ծրագրվում է անցկացնել շուրջ 50 բնապահպանական միջոցառումներ, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ավելի քան 200 ներկայացուցիչներ։ Փառատոնի շրջանակներում կլինի բնապահպանական թեմայով ֆլմերի ցուցադրություն, կանցկացվեն տարբեր սեմինարներ և ցուցահանդեսներ։
«Արևորդի» բնապահպանական փառատոնի առաջին փուլը տեղի ունեցավ 2007թ. ապրիլին։ Փառատոնին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի 5000 դպրոցականներ, ուսանողներ և կամավորներ։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում անցկացվել են բնապահպանական միջոցառումներ, այդ թվում՝ ծառատունկ և կանաչապատում, աղբահանություն և տարածքի մաքրում քարերից, ինչպես նաև մեծ բնապահպանական քայլերթ։--0—

