Հունաստանի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատում հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում

23.10.2007, 14:41
Հունաստանի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատում հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասը բարձր է գնահատել հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում՝ հունական գումարտակի կազմում։

«Հայ խաղաղապահների դասակի գործունեությունը Կոսովոյում Հայաստանի ավանդն է` միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործում»,- ասաց Ղրափսասը` հույս հայտնելով, որ նման  գործունեությունն ըստ արժանվույն կգնահատվի միջազգային ասպարեզում։

Հունական գումարտակի կազմում Կոսովոյի խաղաղապահ առաքելության գործողությանը ՀՀ ԶՈՒ հրաձգային դասակի մասնակցության մասին Հուշագիրը ստորագրվել է 2003թ. սեպտեմբերի 3-ին՝ Երևանում և հաստատվել Ազգային ժողովի կողմից՝ 2003թ. դեկտեմբերի 13-ին։

Հայ խաղաղապահների՝ 34 մարդուց բաղկացած առաջին դասակը Կոսովո մեկնեց 2004թ. փետրվարի 12-ին՝ հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելության գործողությանը մասնակցելու համար։ --0—