Երևանում պատվում են ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանին և Գալյա Նովենցին

22.10.2007, 20:20
Երևանում պատվում են ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանին և Գալյա Նովենցին

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում երկուշաբթի տեղի ունցավ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, հանրապետության ժողովրդական արտիստ, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին և ժողովրդական արտիստուհի, Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Գալյա Նովենցին նվիրված երկու ալբոմների շնորհանդեսը։

«Հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչները» հոբելյանական հրատարակությունների շնորհանդեսը նվիրված է այս տարի նշվող հայկական բեմարվեստի ականավոր գործիչներ Ղազանչյանի և Նովենցի 70-ամյակին։

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը շնորհավորեց հոբելյարներին և նրանց հանձնեց «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալներ, ինչպես նաև Ազգային գրադարանի պատվավոր ընթերցատոմսեր։

«Անհնար է պատկերացնել հայկական բեմն առանց այնպիսի վառ, անկրկնելի անհատականությունների, ինչպիսիք են Երվանդ Ղազանչյանը և Գալյա Նովենցը»,-հայտարարեց Սարգսյանը։

Երկու հրատարակությունների հեղինակ, արվեստաբան Սերգեյ Առաքելյանի խոսքերով, ալբոմները վավերագրական ուսումնասիրություններ են և բովանդակում են քննադատական և թատերագիտական աշխատանքներ, ինչպես նաև մշակութային գործիչների լուսանկարներ։

«Գրքերում արվեստի գործիչներն ընթերցողների առջև ներկայանում են իրենց ողջ բազբակերպությամբ»,-նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ ալբոմում ընդգրկված են  հայ մշակույթի ականավոր գործիչների վերաբերյալ իր բազմամյա հետազոտությունների արդյունքները։

Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի ականավոր գործիչները» հրատարակչական շարքի մեջ են մենագրություններ մշակույթի այնպիսի գործիչների մասին, ինչպիսիք են Սվետլանա Գրիգորյանը, Գոհար Գասպարյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ժենյա Ավետիսյանը, Յուրի Ամիրյանը, Կարպ խաչվանքյանը, Երվանդ Ղազանչյանը, Գալյա Նովենցը։--0--