Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը

22.10.2007, 19:26
Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը
Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը

Հայաստանի ԱԺ-ն, չնայած խորհրդարանական փոքրամասնության դիմակայությանը, երրորդ և եզրափակիչ  ընթերցմամբ ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը։ Որոշումն ընդունվել է 65 կողմ, երեք դեմ և ութ ձեռնպահ ձայներով՝ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայների առկայությամբ։

Օրինագծում ամրագրված է օպերատիվ-հետախուզական գործունեության նոր ձև, որով նախատեսվում է ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում։

Օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է բանկային և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկային ներդրումների և հաշվի համարների այլ  տեսակների մասին տեղեկատվության ստացում, ինչպես նաև ֆինանսական գործարքների վերահսկում՝ առանց տեղեկացնելու այն անձանց, որոնց վերաբերում են այդ գործարքները։

Օրենքի համաձայն, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման նպատակով Ազգային անվտանգության ծառայության կառույցում ստեղծվելու է հատուկ ծառայություն, որը անկախության բավարար մակարդակ է ունենալու։ Մասնավորապես, հատուկ ծառայության տնօրենին պետք է նշանակի հանրապետության նախագահը։

Ինչպես տեղեկացրեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարող է իրականացվել կաշառքի վերցման փաստի վերաբերյալ ստացված հայտարարության և դատարանի համապատասխան թույլտվության հիման վրա։ Այդ դեպքում թույլատրվում է գաղտնալսում և նկարահանումներ՝ փակ տարածքում։

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը դեմ էր հանդես գալիս «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի ընդունմանը՝ հայտարարելով, որ չի ցանկանում պատասխանատվություն կրել դրա ընդունման համար։

Ինչպես տեղեկացրեց խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, խմբակցությունը երրորդ ընթերցման ներկայացված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը գնահատում է որպես Հայաստանի Սահմանադրության դրույթները խախտող։ Նա նշեց, որ օրինագիծը թույլ է տալիս միջամտել քաղաքացու մասնավոր կյանքին և կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ՝ մարդու իրավունքների խախտման տեսակետից։--0--