Հայաստանի տնտեսական բարձր աճի ապահովումը կմնա կառավարության առաջնային խնդիրը. վարչապետ

22.10.2007, 16:17
Հայաստանի տնտեսական բարձր աճի ապահովումը կմնա կառավարության առաջնային խնդիրը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բարձր տնտեսական աճ ապահովելը մնալու է Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը, հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախօրեին Վաշինգտոնում տեղի ունեցած Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Գրեմ Ուիլլերի հետ հանդիպման ժամանակ։

«Բարձր տնտեսական աճ ապահովելը մնալու է Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը, սակայն չափազանց կարևոր է, որ այդ աճը տեսանելի և էական լինի Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» Ս. Սարգսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Իբրև Համաշխարհային բանկի հետ ապագա գործակցության հիմնական ուղղություններ` կողմերը նշել են մասնավոր հատվածի զարգացման, տնտեսական մրցակցության, տնտեսության մրցունակության բարձացման խնդիրները, ինչպես նաև կրթության, առողջապահության ոլորտներում հետագա վերափոխումների իրականացման անհրաժեշտությունը:   

Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Քատսուի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել ՀԲ հետ համագործակցության ներկա մակարդակից և ներկայացրել ՀՀ կառավարության կողմից որդեգրած այն գերակայությունները, որոնք կարող են դառնալ Համաշխարհային բանկի հետ ապագա գործակցության կարևորագույն ուղղությունները:

Իր հերթին Քատսուն նշել է, որ Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով ու բարեփոխումների տեմպերով ճանաչվել է բարձրագույն արդյունքների հասած երկիր։

«Հայաստանը Համաշխարհային բանկի կողմից շատ հաճախ է տարբեր երկրներում ներկայացվում որպես բարեփոխումների արդյունավետ իրականացման հաջողված օրինակ»,- ասաց նա։

2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 13,2 տոկոս՝ 2006թ. հունվար-սեպտեմբերի համեմատ։ 2002թ.-ից  ի վեր հանրապետությունում տնտեսական աճը գնահատվում է երկնիշ թվերով. 2002թ.՝ 13,2 տոկոս, 2003թ.՝ 14 տոկոս, 2004թ.՝ 10,5 տոկոս, 2005թ.՝ 14 տոկոս, 2006թ.՝ 13,4 տոկոս։ --0—