Ռուսաստանին որպես պարտքի մարում փոխանցված ձեռնարկությունների գործարկումը ընթացքի մեջ է, առաջընթացը նկատելի է
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանին որպես պարտքի մարում փոխանցված ձեռնարկությունների գործարկումը ընթացքի մեջ է, առաջընթացը նկատելի է։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի 13-րդ նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ այս գործընթացում դրական երևույթներ կան, բայց տվյալ հարցին պետք է մշտապես վերադառնալ։ Կան պահեր, որոնք չարդարացրեցին սպասումները, այդ պատճառով էլ մեր մոտակա նիստերից մեկը անհրաժեշտ է նվիրել փոխանցված ձեռնարկություններին»,- ասաց նա։
Ռիժկովը նշեց, որ մոտ մեկ ու կես տարի առաջ միջխորհրդարանական հանձնաժողովը զբաղվում էր փոխանցված ձեռնարկությունները աշխատեցնելու հարցով , սակայն ներկայացված առաջարկությունները տրամաբանական ավարտ չունեցան։
Իր հերթին, հանձնաժողովի հայ համանախագահ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հայկական կողմն առաջարկել էր սեփականաշնորհել փոխանցված ձեռնարկությունները։
«Սակայն Ռուսաստանի օրենսդրությունը դեռևս սահմանափակում է ՌԴ սահմաններից դուրս գտնվող, ռազմավարական այդպիսի կարևորություն ունեցող ձեռնարկությունների գործարկման հարցը, իսկ սեփականաշնորհման ձևաչափերը չափազանց բարդ են։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ աշխատանք տարվում է»,- ավելացրեց համանախագահը։
Հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի 93 մլն. դոլար պետական պարտքի դիմաց որպես սեփականություն փոխանցելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002թ.։ Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանին որպես սեփականություն հանձնվել են «Մարս» ՓԲԸ-ն (գնահատվել է 56,29 մլն. դոլար), «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ը (2,75 մլն. դոլար), «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգեր ԳՀԻ» ՓԲԸ-ը (3,37 մլն. դոլար), «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ը (0,35 մլն. դոլար), Հրազդանի ՋԷԿ գույքային համալիրը (31 մլն. դոլար)։ --0—

