Հայաստանը զայրացած է պատմությունը վերաձևելու փորձերից. ՀՀ ԱԳ նախարար

19.10.2007, 12:23
Հայաստանը զայրացած է պատմությունը վերաձևելու փորձերից. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանը զայրացած է պատմությունը վերաձևելու փորձերից։

«Մեր պատմությունը փոխկապակցված է մեր հարևանների մասին պատմությանը, նրանց պատմությանը: Մենք ապշած ենք այդ պատմությունն անտեսելու ջանքերից: Մենք զայրացած ենք այդ պատմությունը վերաձևելու փորձերից», - ասել է Վ. Օսկանյանը՝ ելույթ ունենալով նախօրեին Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 34-րդ նստաշրջանի ժամանակ։

«Ցավոք, մենք ունենք հարևաններ, որոնք իրենց ինքնությունը կերտել են ոչ այնքան իրական պատմության վրա: Եվ մենք տեսնում ենք դրա արդյունքում առաջացած տրավման ու անկայունությունը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության  վարչությունից։

Նրա խոսքերով, հայկական կողմը մեկ անգամ ևս կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ դիտորդներ ուղարկել Հարավային Կովկասի տարածաշրջան, հատկապես Նախիջևան՝ «տեսնելու և համապատասխան կերպով գնահատելու դիտավորյալ ավերումներն այն վայրերում, որոնք պատերազմական ու բախումների գոտուց հեռու են»:

Նախիջևանի Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցը ոչնչացվել  և վերածվել է  ադրբեջանական ռազմակայանի։ Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցում ամբողջովին ոչնչացվել են բոլոր խաչքարարը։

Հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացում է արձանագրվել 1998 թ.-ին, երբ ադրբեջանական կողմը բուլդոզերներով հողին հավասարեցրեց հայկական գերեզմանոցների մեծ տարածքը։ Համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին։ Բազմաթիվ խաչքարեր թաղվել են հողի տակ, մյուսները  ավերվել են և նետվել Արաքս գետը։

Նախիջևանը պատմական Հայաստանի մի մասն է և գտնվել է Հայաստանի առաջին հանրապետության կազմում՝ 1918-1920 թթ.-ին։ Խորհրդային ժամանակներում Նախիջևանը կամայականորեն բաժանել են Հայաստանից և հանձնել Ադրբեջանին։  Այս ամենի հետևանքով տարածաշրջանի հայ բնակչությունը վտարվել է՝ խտրական և տնտեսական ճնշման քաղաքականության արդյունքում։-0-