Հայաստանի խորհրդարանի խոսնակը Բունդեստագի պատգամավորներին խորհուրդ է տալիս այցելել Ղարաբաղ

19.10.2007, 10:30
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Բունդեստագի պատգամավորներին խորհուրդ է տալիս այցելել Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը Հայաստանում գտնվող ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին խորհուրդ է տվել  այցելել Ղարաբաղ:

 «Թորոսյանը գերմանացի գործընկերներին առաջարկեց անպայման այցելել Լեռնային Ղարաբաղ` տեսնելու այն մարդկանց, ովքեր պատերազմի դառնությունները կրելով, այդուհանդերձ, պահպանել են կենսասիրությունը և ուզում են իրենց հայրենիքում ազատ ապրել, որը եվրոպական կարևորագույն արժեքներից մեկն է»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով հակամարտության հաղթահարման համար անհրաժեշտ քայլերին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ երկրներ են և պարտավոր են հարգել այդ կազմակերպության սկզբունքներն ու արժեքները։

«Մինչդեռ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով չեն դադարում պատերազմի քարոզչությունն ու հայերի նկատմամբ ատելության սերմանումը, որը վկայում է ոչ միայն հակամարտության հաղթահարման ցանկություն չունենալը, այլև հակասում է 2005 թ. Ստրասբուրգում ընդունված բանաձևին, որտեղ հստակ արձանագրված էր, որ պետք է բացառվեն պատերազմի ու ատելության քարոզչությունը, դրանց տարածումը լրատվամիջոցներով»,- ասել է Թորոսյանը:

Նրա խոսքերով, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանում ու Ադրբեջանում պետք է անաչառ ուսումնասիրության անցկացում և հստակ գնահատականներ տալ, թե ինչպես է կատարվում բանաձևը:

Իր հերթին Բունդեստագի պատվիրակության ղեկավար Շտեֆան Ռայխեն նշեց, որ հնարավորինս շուտ ցանկանում է լինել Լեռնային Ղարաբաղում և հուսով է, որ այդ ժամանակ արդեն ստորագրված կլինի խաղաղության համաձայնագիրը:

Ռայխեն, չնայած հակամարտության առկայությանը, կարևորեց Հայաստանի տնտեսական զարգացման հաջողությունները և եվրաինտեգրման քաղաքականության ձեռքբերումները: --0--