ՀՀ կառավարությունը 19 հազ. դոլար է հատկացրել` պատմական հիշողության պահպանման վերաբերյալ միջազգային գիտաժողով կազմակերպելու համար

18.10.2007, 19:08
ՀՀ կառավարությունը 19 հազ. դոլար է հատկացրել` պատմական հիշողության պահպանման վերաբերյալ միջազգային գիտաժողով կազմակերպելու համար
ՀՀ կառավարությունը 19 հազ. դոլար է հատկացրել` պատմական հիշողության պահպանման վերաբերյալ միջազգային գիտաժողով կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 6,2 մլն. դրամ (մոտ 19 հազ. դոլար) է հատկացրել՝ նոյեմբերի 27-28-ը Երևանում պատմական հիշողության, հիշատակի վայրերի և մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային գիտաժողով կազմակերպելու համար։

Այս մասին հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, գիտաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացման 40-ամյակին։

«Բացի Հայոց ցեղասպանության թեմայից, գիտաժողովում քննարկվելու են բազմաթիվ հարցեր, մասնավորապես, հիշողության, մշակութային կոթողների, ժամանակի հետ փոփոխվող թանգարանային նմուշների պահպանման և փոխանցման հիմնախնդիրներ»,- ասաց նա։

Դեմոյանի խոսքերով, առանձին զեկույց է նվիրվելու ցեղասպանությունների մասին տեղեկությունների ընկալման և փոխանցման հիմնախնդիրներին։

Նա տեղեկացրեց, որ գիտաժողովին մասնակցելու են մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Հոլանդիայից և Ճապոնիայից։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—