Երևանում նշվել է գրականագետ Դավիթ Գասպարյանի հոբելյանը
Հայաստանի կրթության ազգային ինստիտուտում նշվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի 60-ամյակը։
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը ընթերցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը և Դավիթ Գասպարյանին հանձնել ոսկե մեդալ՝ հայ գրականության զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար։
«Ես ուրախ եմ, որ մենք սովորել ենք գնահատել հայտնի մարդկանց վաստակները դեռևս կենդանի ժամանակ», - նշել է Ղուկասյանը՝ ավելացնելով, որ նման միջոցառումները կդառնան բարի ավանդույթ ինստիտուտի համար, որտեղ ոչ միայն ծնվում են գիտնականների հայտնագործությունները, այլ նաև զարգանում են մարդկային նորմալ հարաբերություններ։
Նրա խոսքերով, իր աշխատություններում Դավիթ Գասպարյանը հավատարիմ է մնում գրականական բարձր չափանիշներին և սա է պատճառը, որ նրա հրապարակումները միշտ կենդանի արձագանքներ են ստանում և շատ հաճախ բուռն բանավեճերի պատճառ են դառնում։
«Գասպարյանը ստեղծել է քննադատի և գրականագետի իր կերպարը, իր ոճը։ Նրա գրելաձևը հասարակ է և միաժամանակ զարմացնում է բովանդակության խորությամբ», - իր հերթին նշել է Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Նվեր Վիրաբյանը։
Դավիթ Գասպարյանը 30 մենագրությունների հեղինակ է, որոնց թվում են «Եղիշե Չարենցը և 1920-ական թթ.-ի խորհրդային գրականությունը», «Հայկական խորհրդային պոեզիայի պատմությունը», «Պարույր Սևակը» և այլն։
Նրա ստեղծագործությունների թեման հիմնականում 20-րդ դարի հայ գրականությունն է, նրա պատմությունն ու գրականական կապերը։ Նա գրել է 20-րդ դարի գրականական կերպարը ձևավորած գրեթե բոլոր գրողների մասին։
Դավիթ Գասպարյանը «Հայոց լեզուն և գրականությունը» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Այժմ հրատարակմանն է պատրաստավում նրա մենագրությունը՝ «Վահագն Դավթյան»։-0-