Հայաստանում ստեղծվելու է Մտավորականության տուն. Արա Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ստեղծվելու է Մտավորականության տուն։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահությունում կայացած հանդիպման արդյունքում։
«Նախագահությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում Մտավորականության տուն ստեղծելու մասին, որտեղ մտավորականության ներկայացուցիչները, գիտության գործիչները քննարկելու են երկրի առավել արդիական խնդիրները»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքերով, Մտավորականության տանը քննարկումների ժամանակ փորձագետների կողմից կոնկրետ առաջարկներ են արվելու առավել արդիական խնդիրների շուրջ, անցկացվելու են բանավեճեր։
Արա Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ հայ մտավորականությունը ծանր կացության մեջ է, իսկ ստեղծվելիք Տունը թույլ կտա լուծել նրա խնդիրների մի մասը։
«Մեր մտավորականությունը, ցավոք, արժանի բարձրության վրա չի գտնվում, բայց արժանի է ավելիին»,-հավելեց Աբրահամյանը։--0--

