Մինչև 2012թ. Հայաստանի մարզերում գործելու են բարձրակարգ բժշկական ծառայություններ մատուցող ութ հիվանդանոցներ
Մինչև 2012թ. Հայաստանի մարզերում գործելու են բարձրակարգ բժշկական ծառայություններ մատուցող ութ հիվանդանոցներ։
Ինչպես երկուշաբթի Երևանում հայտարարեց Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը, այս ուղղությամբ աշխատանքները տարվելու են Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի շրջանակներում և նպատակ ունեն աջակցել հիվանդանոցային կառույցների օպտիմալացմանը և հանրապետության մարզերում բարելավել հիվանդանոցային ծառայությունների որակը և մատչելիությունը։
«Այս բաղկացուցչի շրջանակներում նորոգման աշխատանքներ են տարվելու հիմնական հիվանդանոցային հաստատություններում (42 հազ.քմ ընդհանուր տարածքով), այդ կառույցները հագեցվելու են բժշկական սարքավորումներով, ինչպես նաև տրամադրվելու են բժշկական թափոնները ոչնչացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ և միջոցներ»,-ասաց նա։
Խաչատրյանի խոսքերով, Առողջապահության նախարարության կողմից Հայաստանի ողջ տարծքում անցկացված հարցումները և հետազոտությունները վկայում են այն մասին, որ մարզային բնակչությունը գերադասում է օգտվել Երևանում գործող բժշկական հաստատությունների ծառայություններից՝ մարզային հիվանդանոցների համակարգի անբավարար վիճակի պատճառով։
«Հարցվածների 44,9%-ը հայտարարել են, որ ավելի հակված են դիմել մայրաքաղաքային հիվանդանոցներ և բժշկական հաստատություններ՝ տեղերում բժշկական օգնություն ստանալու փոխարեն»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ հարցվածների 54,8%-ը երևանյան հիվանդանոցներում լուծում են սրտանոթային հիվանդությունների խնդիրներ, իսկ 51%-ը՝ խնդիրներ, որոնք վիրահատական միջամտություն են պահանջում։
Այս կապակցությամբ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը հավելեց, որ հարցվածների մեծ մասն առաջնային ուշադրություն է դարձնում մարզային բժիշկների մասնագիտական մակարդակին, իրենց բնակության վայրին բժշկական հաստատությունների մոտ գտնվելուն, հիվանդանոցներում համապատասխան բժշկական սարքավորումների և կենցաղային պայմանների առկայությանը։
«Հետաքրքիր է այն փաստը, որ վերջին տեղում է հայտնվել հիվանդանոցային և բժշկական ծառայությունների արժեքի ֆինանսական գործոնը»,-նկատեց Խաչատրյանը։
Առողջապահության համակարգի արդիականացման՝ 29,6 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ երկրորդ ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2007թ. հուլիսին և կավարտվի 2012թ. դեկտեմբերի 10-ին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքներ իրականացնել երեք հիմնական բաղադրիչներով. երկրի ողջ տարածքում ընտանեկան բժշկի ինստիտուտի զարգացում և վերջնական ձևավորում ($4,69 մլն.), մարզերում հիմնական հիվանդանոցային համակարգի օպտիմալացում և բարելավվում ($20,77 մլն.), ինչպես նաև համակարգի ֆինանսավորման կառավարման մեխանիզմների կատարելագործում և ֆինանսական հաշվետվության գործընթացի ուժեղացում ($2,57 մլն.)։
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման մեջ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցները կազմում են $22 մլն., իսկ հայկական կողմից դրամադրվել է $7,623 մլն., որից $7,171 մլն.-ը հատկացրել է երկրի կառավարությունը, $300 հազարը՝ Երևանի պետական բժշկական համալսարանը և $151,7 հազարը՝ հանրապետության համայնքները։--0--

