ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին՝ հայկական ֆուտբոլին ցուցաբերվող աջակցության համար
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներ Յոզեֆ Բլատերին և Միշել Պլատինիին հայկական ֆուտբոլին ցուցաբերվող աջակցության ու հոգածության համար:
«Բլատերի և Պլատինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել, հնարավորությունների սահմաններում, ամեն ինչ անել` նպաստելու հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը իր ծրագրային քաղաքականությամբ մեծապես կարևորում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, երիտասարդների համար առողջ ապրելակերպի պայմանների ստեղծումը:
Վարչապետը գոհունակությամբ նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրա նախագահի կողմից այդ սպորտաձևի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքների մասին, ընդգծելով, որ հայկական ֆուտբոլի հետ մեծ ակնկալիքներ են կապում։
«ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հետ հետագա համագործակցությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությունն ուղղվելու են այդ ակնկալիքների իրականացմանը»,- ասաց վարչապետը:
Իրենց հերթին, նախագահներ Բլատերը և Պլատինին նշեցին, որ Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը դժվար թե հաջողություններ ունենան՝ առանց ՀՀ կառավարության մասնակցության։ Մասնավորապես, կառավարությունն անվճար հողատարածքներ է հատկացնում խաղադաշտերի համար, նյութական օգնություն է ցույց տալիս , ջանքեր է գործադրում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային օժանդակելու և աջակցելու նպատակով։
Բլատերը և Պլատինին հայտարարել են, որ իրենց առաքելությունը և նպատակը բոլոր երիտասարդների, այդ թվում` հայ երիտասարդների համար ֆուտբոլ խաղալու հնարավորությունների ապահովումն է, այնպիսի պայմանների ստեղծումը, որ նրանք կարողանան այդ սպորտաձևում լիարժեք ինքնաարտահայտվել:
Բլատերը և Պլատինին Երևան ժամանեցին նախօրեին, երկօրյա աշխատանքային այցով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով։
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարները կմասնակցեն «Մանկապատանեկան սպորտային գիշերօթիկ դպրոցի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի» հիմնաքարի դրման արարողությանը, ինչպես նաև կայցելեն «Բանանց» մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցը, որը վերանորոգվել է ՖԻՖԱ-ի «Goal I» ծրագրի շրջանակներում։ --0—