ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում բանակից խուսափողներին կամավոր ներկայանալ զինկոմիսարիատներ՝ խոստանալով դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է արել բանակից խուսափողներին կամավոր ներկայանալ զինկոմիսարիատներ՝ խոստանալով դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը
«ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի և համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն զինակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան դատախազություն, ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայել ՀՀ զինված ուժերում»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքերով, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զինակոչիկներին՝ «օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի և ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի քաղաքացին և զինվորը լինելու բարձր կոչումը»:
«Գլխավոր դատախազությունը կոչ է անում նաև զինակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան ծառայությունը պատվով ավարտելուց հետո արժանապատիվ ապրել և արարել հայրենի հողի վրա»,- նշեց Տրուզյանը:
Գլխավոր դատախազի որոշմամբ, քրեական հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր՝ հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով նույնպես նախատեսված է դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրացել է և որոնց օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չեն զորակոչել, եթե նրանք մուծեն օրենքով սահմանված համապատասխան վճարները։
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 28 - ին հրամանագիր է ստորագրել 2007թ. աշնանային զորակոչ անցկացնելու վերաբերյալ։ Հրամանագրի համաձայն, 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչ։ ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
Բացի այդ, ըստ հրամանագրի, այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն այն զինծառայողները, ովքեր սահմանված ժամկետներում կատարել են իրենց պարտադիր զինվորական ծառայությունը։ --0—

