Երևանում անց է կացվում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ղեկավարող միջազգային հանձնաժողովի համագումարը

15.10.2007, 14:36
Երևանում անց է կացվում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի  ղեկավարող միջազգային հանձնաժողովի համագումարը
Երևանում անց է կացվում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի  ղեկավարող միջազգային հանձնաժողովի համագումարը

Երկուշաբթի Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի շրջական միջավայրի ծրագրի (UNEP) ղեկավարող միջազգային հանձնաժողովի (UNEP) և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի (GEF) հետ համատեղ անցկացվող չորրորդ համագումարը։  

Ինչպես համագումարի բացման արարողության ժամանակ հայտարարեց  «Մշակաբույսերի վայրի ցեղակիցների  in-situ պահպանությունը տեղեկատվության կատարելագործված կառավարման և գործնական կիրառման միջոցով» ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, համագումարի աշխատանքին մասնակցում են այս ծրագրի հինգ անդամ-երկրներից ժամանած մասնագետներ՝ Հայաստանից, Ուզբեկստանից, Մադագասկարից, Շրի-Լանկայից և Բոլիվիայից։

«Համագումարի ընթացքում այս ծրագրի անդամ-երկրների ներկայացուցիչները կներկայացնեն նոր նախագծեր, ինչպես նաև կքննարկեն դրանց իրագործման մեխանիզմները», - ասաց Ա. Դանիելյանը։

Նրա խոսքերով, «Մշակաբույսերի վայրի ցեղակիցների  in-situ պահպանությունը տեղեկատվության կատարելագործված կառավարման և գործնական կիրառման միջոցով» ծրագրի նպատակն է ոչ միայն մշակաբույսերի վայրի ցեղակիցների, այլ նաև դրանց գենետիկական պաշարների պահպանումը։

«Հայաստանը հարուստ է մշակաբույսերի վայրի ցեղակիցներով, որոնք օգտագործվում են որպես սննդամթերք։ Մասնավորապես դրանք հացահատիկային, ինչպես նաև մրգերի որոշ ծառերի վայրի տեսակներն են», - նշեց Ա. Դանիելյանը։

Ծրագրի համակարգողը ավելացրեց, որ մշակաբույսերի վայրի ցեղակիցների խելամիտ ու կայուն օգտագործումը կարող է խթանել սննդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև հիմք հանդիսանալ գյուղատնտեսական արտադրության զարգացման, բերքատվության բարձրացման համար։

Միաժամանակ Ա. Դանիելյանը նշեց, որ սկսած 1993 թ.-ից՝ առաջին անգամ ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքում անց են կացվել դաշտային հետազոտություններ։ «Այս ամենի արդյունքում հայտնաբերվել է մշակաբույսերի վայրի ցեղակիցների մոտավորապես հարյուր տեսակ, որոնք օգտագործվում են որպես սննդամթերք», - ասաց  նա։

Ա. Դանիելյանը ավելացրեց, որ հետազոտությունների անցկացումից հետո՝ պատրաստվել են աշխարհագրական քարտեզներ, որոնցում նշված են այս տեսակների գտնվելու վայրերի հստակ կետերը։

«Մշակաբույսերի վայրի ցեղակիցների  in-situ պահպանությունը տեղեկատվության կատարելագործված կառավարման և գործնական կիրառման միջոցով» ծրագիրը գործում է 2004 թ.-ից, այն իրականացնում է Բույսերի գենետիկական ռեսուրսների միջազգային ինստիտուտը։-0-