Համաշխարհային հայկական կոնգրեսը պատրաստել է Հայոց Ցեղասպանոթւայն մասին փաստաթուղթ՝ Հաագայի միջազգային դատարան դիմելու համար
Համաշխարհային հայկական կոնգրեսը պատրաստել է Հայոց Ցեղասպանոթւայն մասին փաստաթուղթ՝ (ՄԱԿ-ի) Հաագայի միջազգային դատարան դիմելու համար։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ), Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Մենք մոնիտորինգ ենք անցկացրել 50 միջազգային իրավաբանական կազմակերպությունների շրջանում և Հայոց Ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու դրական գնահատական ենք ստացել», - ասաց Ա. Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն հրատարակել է Հայոց Ցեղասպանությանը նվիրված երեք հատորյակ, որտեղ զետեղվել են իրավաբանական և պատմական կարևոր փաստաթղթեր, որոնց հիմքի վրա կարելի է սկսել դատական գործընթացը։
«Կազմակերպության փորձագետները կատարել են մեծ և ծանր աշխատանք, և ստացված փաստաթղթերը բավարար են՝ հարցին իրավաբանական լուծում տալու համար», - ասաց Ա. Աբրահամյանը՝ պարզաբանելով, որ միայն գրքերի վրա աշխատել են 27 երկրների 70 մասնագետներ։
ՀՀԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը անցկացված աշխատանքի մասին տեղյակ է պահել Հայաստանի իշխանություններին, սակայն դեռևս նրանցից Միջազգային դատարան դիմելու դրական պատասխան չի ստացել։ «Հայաստանի իշխանութունները որոշ անհամաձայնություններ ունեն մեր դիրքորոշման հետ, սակայն հարցը քննարկվում է, և մենք մտադիր ենք Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կրկին քննարկել այն», - ասաց նա։
Խոսելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության մասին 106-րդ բանաձևի ընդունման մասին՝ ՀՀԿ-ի նախագահը նշեց, որ դա ցեղասպանության ճանաչման ճանապարհին արված առաջին փուլն է, սակայն «չպետք է մոռանալ այն փաստի մասին, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է»։
«Սակայն մենք չպետք է հուսախաբ լինենք, և հասարակական կազմակերպությունները, Հայաստանի իշպանությունների հետ համատեղ, պետք է ճիշտ քաղաքականություն վարեն, որը թույլ կտա հասնել արդյունքի», - ասաց Ա. Աբրահամյանը։ Նրա կարծիքով, պետք է սահմանել Հայաստանի հետագա քայլերը այն բանից հետո, երբ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողությունները հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

