Երևանում տեղի կունենա «Կրթություն և կարիերա EXPO 2007» միջազգային ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հոկտեմբերի 16- 18-ը Երևանում կանցկացվի ութերորդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO 2007» ցուցահանդեսը:
«Միջոցառման հիմնախնդիրներն են. տրամադրել դպրոցականներին և ուսանողներին տեղեկություններ ժամանակակից կրթության ողջ սպեկտրի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև, ծրագրին ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ իր նոր կրթական ծրագրերով»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին «LOGOS EXPO 2007» ցուցահանդեսային ընկերությունից:
Ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախները (բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ ), ինչպես նաև կրթական ծրագրեր իրականացնող միջազգային դոնոր կազմակերպությունները:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են. բարձրագույն կրթություն (ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ), միջին մասնագիտացված կրթություն (քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ), կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր, աշխատանքի տեղավորում, միջազգային կազմակերպություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ կրթական համակարգում, ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ, գրասենյակային և դպրոցական կահույք:
«Կրթություն և կարիերա EXPO 2007» ցուցահանդեսը կազմակերպել է LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։
LOGOS EXPO Center-ը առաջին ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որն առաջնային է համարվում բազմաճյուղային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։
Ընկերությունը Հայաստանում գործում է 1999թ.-ից։ Իր գործունեության ընթացքում կազմակերպված ցուցահանդեսներին մասնակցել են մոտ 1000 կազմակերպություններ Հայաստանից և արտասահմանից, իսկ այցելուների թիվը հասել է 45 հազարի։
Վերջին վեց տարիների ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է ավելի քան 72 մասնագիտացված և միջազգային ցուցահանդեսներ՝ տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ։ --0—