ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Բրյուսելում կայանալիք Եվրոպայի հայերի համագումարին

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կղեկավարի Եվրոպայի հայերի երկրորդ համագումարի հայկական պաշտոնական պատվիրակությունը, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-16-ը՝ Բրյուսելի Եվրախորհրդարանի շենքում։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, միջոցառման շրջանակներում նախատեսվում է Օսկանյանի ելույթը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայերի եվրոպական ֆեդերացիայի (European Armenian Federation - EAF) նախագահ Հիլդա Չոբոյանը, հայկական քաղաքական և կրոնական ինստիտուտների առաջնորդների մասնակցությամբ համագումարի ժամանակ քննարկվելու են Եվրոպայի հայերի մոտակա տարիների քաղաքական առաջնահերթությունների հարցերը։ Նա հայտարարեց, որ այս միջոցառմամբ Եվրոպայի հայերը մտադիր են իրենց դիրքորոշումը հասցնել մինչև եվրոպական պետությունների գլխավոր քաղաքական գործիչներին։
Եվրոպայի հայերի համագումարին մասնակցելու են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
Համագումարի մասնակիցները կնշեն Եվրախորհրդարանի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության ընդունման 20-ամյակը, ինչպես նաև կհարգեն Ստամբուլի հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը, որին այս տարվա հունվարին գնդակահարել էին Ստամբուլում։ --0—