Մարդու իրավունքների եվրահանձնակատարը կհրապարակի իր կարծիքը՝ հեղաշրջման կոչերի համար Հայաստանում դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի գործով
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը մտադիր է ծանոթանալ «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գործի մանրամասներին, որը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի փոխելու կոչեր անելու մեջ։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Մեր կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Համմարբերգը խոստացավ ավելի ուշադիր ուսումնասիրել իրեն ներկայացված՝ Սեֆիլյանի գործի նյութերը և Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնել զեկույցում»,-ասաց Փոստանջյանը։
Նա հայտարարեց, որ գործի նախնական ուսումնասիրումից հետո Համմարբերգը եզրակացրել է, որ գործում առկա են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։
«Դեռևս Համմարբերգը ձեռնպահ է մնում կոնկրետ հայտարարություններից, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի զեկույցում անպայման արտացոլված կլինի վերջնական դիրքորոշումը»,-ասաց պատգամավորը։
2007թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ժիրայր Սեֆիլյանի և նրա կազմակերպության երկու ակտիվիստների կապակցությամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Սեֆիլյանը դատապարտվել էր 18 ամսվա բանտարկության։ Նրա դատապաշտպանները մտադիր են բողոքարկել դատավճիռը Հայաստանի վճռաբեկ դատարանում և հասնել բանտարկյալի՝ ժամկետից շուտ պայմանական ազատման։
Ժ. Սեֆիլյանը Լիբանանի քաղաքացի է, ղարաբաղյան պատերազմի վետերան, «Շուշի» հատուկ ջոկատի հրամանատար։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թոմաս Համմարբերգը ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցը պատրաստ կլինի երեք ամսից։--0-

