Հայաստանում արձանագրվել է զգալի առաջընթաց. Եվրոխորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

Խորհրդային ժամանակաշրջանի համեմատ՝ Հայաստանում արձանագրվել է զգալի առաջընթաց, հինգշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոխորհդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը։
«Եվրոխորհրդի հետ համագործակցության բազմաթիվ բնագավառներում զգալի աշխատանք է իրականացվել՝ մարդու իրավունքների բնագավառում իրավական դաշտի ձևավորման ուղղությամբ», - ասաց նա։
Համարբերգի խոսքերով, Սահմանադրության բարեփոխումը այս ուղղությամբ առաջընթաց է հանդիսացել։
Նա նաև նշեց Քրեական օրենսգրքի և Քրեադատավարական օրենսգրքի բարեփոխումներն ու դատաիրավական համակարգում օրենսդրության բարելավումը։
Նշելով, որ Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների միջազգային և Եվրոպական կոնվենցիաները՝ Համարբերգը ասաց, որ երկիրը պետք է նաև վավերացնի թրաֆիկինգի վերաբերյալ ԵԽ-ի նոր կոնվենցիան և հաշմանդամների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան, նաև վավերացված չէ Եվրոպական սոցիալական խարտիայի դրությունը, որը թույլ է տալիս հասարակական կազմակերպություններին բողոքներ ներկայացնել։
«Սակայն Հայաստանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո՝ տպավորություն ստեղծվեց, որ կառավարությունը կվավերացնի դեռևս չընդունված կոնվենցիաներն ու միջազգային փաստաթղթերը», - ավելացրեց նա։
Եվրոխորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հոկտեմբերի 7-ին ժամանել է Հայաստանի հնգօրյա այցով՝ մարդու իրավունքների իրավիճակի ուսումնասիրության առաքելությամբ։ ԵԽ-ի հանձնակատարի Հայաստան այցի արդյունքներով՝ կպատրաստվի կոնկրետ խորհրդատվություններ պարունակող զեկույց։-0-