Հայաստանը և Ռումիանիան մտադիր են ընդլայնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը գոհ է Ռումինիայի ռազմական գերատեսչության ղեկավար Թեոդոր Մելեշկանուի Երևան կատարած այցից։
«Չնայած ռումինական պատվիրակության այցի կարճատևությանը, դրա արդյունքները շատ դրական են։ Ռումինիայի պաշտպանւթյան նախարարի հետ մենք քննարկել ենք տարածաշրջանում, Բալկաններում և ընդհանրապես եվրոպական մայրցամաքում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակը, ինչպես նաև դիտարկել ենք խաղաղապահ գործողություններին մեր մասնակցությանն առնչվող որոշ հարցեր»,-ասաց Հարությունյանը «Էրեբունի» օդանավակայանում։
Նրա խոսքերով, ստորագրվել է 2008-ի համագործակցության ծրագիրը։
«Մենք նաև կարծիքներ փոխանակեցինք երկու երկրների Զինված ուժերի փորձի փոխանակման կապակցությամբ և ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության աշխատանքային խմբեր ստեղծելու մասին որոշում ընդունեցինք»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։
Նրա խոսքերով, նախատեսվում է նաև հայ սպաների ուսումնառություն Ռումինիայի ազգային ռազմական ակադեմիայում։
Հարությունյանն իր ռումին գործընկերոջը շնորհակալություն հայտնեց անկեղծ և բաց զրույցի համար։
«Մենք միմյանց կես խոսքից հասկանում էինք, և ես վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունը բավականին արդյունավետ կլինի»,-ընգծեց նա։
Իր հերթին Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին այցի հիանալի կազմակերպման և բովանդակալից բանակցությունների համար։
«Ուզում եմ առանձնահատուկ ընգծել այն մթնոլորտը, որում անցան մեր հանդիպումները։ Ծրագիրը, որը մենք ստորագրեցինք, թույլ է տալիս ընդլայնել երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը»,-ասաց Մելեշկանուն, հավելելով, որ չնայած ծրագիրը ծավալուն չէ, բայց կարող է ընդլայնվել համագործակցության նոր ոլորտների հայտնվելու դեպքում։
Նա նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարին հրավիրել է 2008-ին այցելել Ռումինիա։
«Հրավերքն ընդունվեց, և այդ այցը թույլ կտա գնահատել ստորագրված ծրագրով իրականացված քայլերը»,-ասաց նա։
Նրա խոսքերով, ռումինական պատվիրակությունը որպես ելակետ է ընդունում այն, որ Հայաստանի և Ռումինիայի միջև դարավոր համագործակցության օրինակը նախատեսում է համագործակցություն ոչ միայն քաղաքական, այլ նաև ռազմական ոլորտներում։
«Ընդհանուր եզրակացությունը, որին հանգեցինք այն է, որ մեր համագործակցության ներուժը զգալիորեն բարձր է գործակցության այսօր առկա մակարդակից»,-ասաց ռումին նախարարը։
Խոսելով վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին՝ Մելեշկանուն ընգծեց, որ վարչապտը քաջատեղյակ է երկու երկրների միջև ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական համագործակցությանը։
«Շատ կարևոր է Հայաստանի կառավարության կողմից մեր հարաբերությունների զարգացման ուղղությամբ տրված ազդանշանը»,-ասաց ռումին նախարարը։
«Այսօր մենք հանդիպեցինք Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահին և քննարկեցինք երկու երկրների խորհրդարանների մասնագիտական հանձնաժողովների միջև համագործակցության հնարավորությունները, հատկապես միջազգային ասպարեզում»,-նշեց Մելեշկանուն։
Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 9-ին։--0—