Տեսողության համաշխարհային օրը Երևանում բացվել է նկարների և լուսանկարների ցուցահանդես

11.10.2007, 18:23
Տեսողության համաշխարհային օրը Երևանում բացվել է նկարների և լուսանկարների ցուցահանդես

Տեսողության համաշխարհային օրվան նվիրված մանկական նկարների և ուսանողական լուսանկարների ցուցահանդեսը բացվեց հինգշաբթի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։

Ինչպես հայտնեց Հայաստանում «Հայկական ակնաբուժական նախագծի» գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, 2007-ին Տեսողության համաշխարհային օրն անցնում է «Լույս մանկանց աչքերին» կարգախոսով և նվիրված է երեխաների մոտ տեսողական բարդությունների կանխարգելմանը։

«Մեր միջոցառումով ուզում ենք գրավել հասարակության ուշադրությունը այս լուրջ խնդրին, ինչպես նաև հիշեցնել այն մասին, թե ինչ կարևոր է այս հարցերին հատուկ ուշադրություն բևեռել արդեն մանուկ հասակում»,-ասաց նա։

ՀԱՆ գրասենյակի տնօրենի խոսքերով, ներկայացված աշխատանքներում երիտասարդ նկարիչները ներկայացրել են աշխարհն իրենց աչքերով։ «Իրենց աշխատանքների միջոցով տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կիսվում են շրջապատող աշխարհի իրենց ընկալմամբ»,-պարզաբանեց նա։

Եղիազարյանը հավելեց, որ ցուցահանդեսում ներկայացված են երկրի մարզային, մասնավորապես Գյումրիի, Սիսիանի, Լաչինի և Վանաձորի գեղարվեստի դպրոցների 7-ից 15 տարեկան երեխաների նկարները։ Իրենց լուսանկարչական աշխատանքներն են ներկայացրել նաև Խաչատուր Աբովյանի անվան Երևանի մանկավարժական համալսարանի ուսանողները։

Հայաստանի առողջապահության նախարարության արտաքին կապերի վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը։

Նրա խոսքերով, Հայաստանում երեխաների շրջանում ամենից տարածված տեսողական հիվանդություններն են գլաուկոման և կատարախտը։

«Այսօրվա դրությամբ տեսողության լիակատար կորուստով երեխաների քանակը հասնում է 766-ի, ինչը կազմում է Հայաստանի հաշմանդամ երեխաների 10%-ը»,-ասաց նա։

Գրիգորյանի խոսքերով, այս ցուցանիշն անհանգստություն է ներշնչում, ինչի կապակցությամբ առողջապահության նախարարությունն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում։

«Կուրության դեմ պայքարի ազգային ռազմավարության շրջանակներում հիվանդանոցների համար ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ, կազմակերպվել են անձնակազմի որակավորման  բարձրացման դասընթացներ»,-հավելեց նա։

Տեսողության համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի կազմակերպիչը «Հայկական ակնաբուժական նախագիծն է» Հայաստանի առողջապահության նախարարության հետ համատեղ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID)։

1998թ.-ից սկսած Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ կուրության դեմ պայքարի «Տեսողություն 2020՝ տեսնելու իրավունք» գլոբալ ծրագրի իրականացման շրջանակներում։

Այս օրը կոչված է բոլոր երկրների կառավարությունների ուշադրությունը հրավիրելու տեսողության պահպանման հիմնախնդիրներին և բոլոր կարիքավորների համար հասանելի դարձնել բժշկական ծառայությունները։ --0—