Երևանում մեկնարկում է «Արևորդի» տարածաշրջանային առաջին էկո-փառատոնի երկրորդ փուլը

10.10.2007, 19:03
Երևանում մեկնարկում է «Արևորդի» տարածաշրջանային առաջին էկո-փառատոնի երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում 2007թ. հոկտեմբերի 24-28-ը տեղի կունենա «Արևորդի» (Sun Child) տարածաշրջանային առաջին էկո-փառատոնի երկրորդ փուլը։

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, փառատոնի անցկացումն ուղղված է կովկասյան տարածաշրջանի երկրների միջև տարածաշրջանային երկխոսության և համագործակցության հաստատման հիմք ստեղծելուն՝ բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար։

«Տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան,  շահագրգռվածություն են արտահայտել՝ մասնակցելու համար փառատոնին»,- նշեց Խաչատրյանը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը բնապահպանության ոլորտում կարող է օգնել հարևան երկրների հետ երկխոսություն հաստատելու հարցում։

Նրա խոսքերով, փառատոնի ընթացքում ծրագրվում է անցկացնել մոտ 50 միջոցառում, որոնց մասնակցելու են մոտ 200 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Վրաստանից։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա բնապահպանության թեմայով ֆիլմերի ցուցադրություն, կանցկացվեն տարբեր սեմինարներ և ցուցահանդեսներ։

Իր հերթին նախագծի համակարգող Հասմիկ Հովհաննիսյանն ընդգծեց բնապահպանական շարժման մեջ երեխաների մասնակցության կարևորությունը։

«Այդպիսով նրանք սովորում են նորովի նայել իրենց ծանոթ իրերին, մասնավորապես, ժամանակակից մարդկանց սպառողական անխնա վերաբերմունքին բնության հանդեպ»,- նշեց նա։

Նրա խոսքերով, այս նպատակի իրագործման համար 2006թ. աշնանից Հայաստանի վայրի բնության և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը՝ «VivaCell-ը և երեխաները՝ բնության համար» ծրագրի ֆինանսական աջակցությամբ հանրապետության տարբեր մարզերում հիմնադրել է էկո-ակումբներ։

Նա տեղեկացրեց, որ ներկայումս նախագծին մասնակցում են մոտ 600 երեխաներ և դեռահասներ, որոնք մասնագետ-բնապահպանների ղեկավարությամբ սովորում են ճանաչել իրենց մարզի բնապահպանական հիմնախնդիրները և ֆիլմեր նկարահանել այդ թեմայով։

«Այդ ֆիլմերը, որոնք առաջին անգամ կներկայացվեն «Արևորդի» փառատոնի շրջանակներում, արդեն հրավերք են ստացել՝ մասնակցելու Էստոնիայի, Հունաստանի և Ֆինլանդիայի գլխավոր էկոլոգիական փառատոններում»,- ընդգծեց նա։

 «Արևորդի» (Sun Child) փառատոնի առաջին մասը տեղի ունեցավ 2007թ. ապրիլին, որին մասնակցեցին 5000 դպրոցականներ, ուսանողներ և կամավորներ՝ Հայաստանի տարբեր մազրերից։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում կազմակերպվեցին մի շարք բնապահպանական ակցիաներ, այդ թվում՝ ծառատունկ և կանաչապատում, աղբահավաքում և քարերից տարածքի մաքրում, ինչպես նաև զանգվածային բնապահպանական երթ։ --0—