Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական միությունների հարաբերություններին չի բավարարում համակարգված մոտեցումը. «Նորավանք» հիմնադրամի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական միությունների հարաբերություններին չի բավարարում համակարգված մոտեցումը, ինչն անհրաժեշտ է՝ երկկողմ հարաբերությունների բոլոր կողմերը որոշելու համար։ Այս մասին չորեքշաբթի Երևանում «Ռուսաստան և Հայաստան. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանի ընթացքում հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
Նրա խոսքերով, հայ-ռուսական հարաբերությունները փոխհարաբերությունների չափազանց բարդ համալիր է, որտեղ առկա են ինչպես քաղաքական, ռազմական, տնտեսական, այնպես էլ տեղեկատվական և մշակութային կողմերը։
«Եվ այս հարաբերությունների լուրջ քննարկումը, դրանց ազդեցությունը ներքին քաղաքականության վրա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան նախորդի հատուկ փորձագիտական նախապատրաստությունը»,- կարծում է նա։
Հարությունյանը նշեց, որ փորձագետների միջև քննարկումներին և կարծիքների փոխանակումներին այսօր «չի բավարարում որոշակի ենթակառուցվածքը»։
«Ցավոք, առայժմ նման միջոցառումներից որոշակի դիլետանտության հոտ է գալիս, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ զեկույցները չեն պատրաստվի առանձին մասնագիտական ուղղությունների և թեմաների շուրջ»,- կարծում է նա։
«Ռուսաստան և Հայաստան. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին՝ Երևանի Մոսկվայի տանը, մասնակցեցին հայտնի հայ փորձագետ-քաղաքագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Միջոցառման կազմակերպիչներն էին ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա» ռուսական հիմնադրամը և Ռուսաստանի ԱԳ նախարարությանը կից Միջազգային գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնը (Ռոսզարուբեժցենտր)։ --0—