Հայաստանը հայտնվել է երկակի դրության մեջ՝ դեպի Եվրոպա իր ձգտման և Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու համատեքստում. ԱԺԿ առաջնորդ
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը որոշ առումով հակասական իրավիճակում է հայտնվել. մի կողմից ձգտում է դեպի Եվրոպա, մյուս կողմից՝ պահպանել նորմալ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Չորեքշաբթի Երևանում այս կարծիքն արտահայտեց ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը՝ «Ռուսաստանը և Հայաստանը. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանի շրջանակում։
Քոչարյանի խոսքերով, Հայաստանի համար մի կողմից ծայրահեղ կարևոր են ժողովրդավարական և եվրոինտեգրացման գործընթացները, մյուս կողմից՝ նորմալ հարաբերությունների պահպանումը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ տնտեսական և ռազմական ոլորտներում։
«Քանի որ Ռուսաստանն իր դառը փորձով գիտի, որ այն երկրները, որոնք գնում էին եվրոինտեգրացման ճանապարհով, նրանից ետ մնացին, ապա միանգամայն ակնհայտ է, որ որոշ իշխանական կառույցներ շահագրգռված են, որպեսզի մերձավոր արտասահմանում լինեն այնպիսի երկրներ, որոնք ավելի շատ ինքնավար են և չեն գնում այդ ճանապարհով»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ Հայաստանն ընտրել է եվրոինտեգրացման ճանապարհը, որովհետև այսօր համապատասխան այլընտրանք գոյություն չունի։
«Սակայն, մեր երկիրը հիմա չունի այնպիսի բնապաշարային և մարդկային ներուժ, որպեսզի Ռուսաստանի նման կարողանա ընտրել Եվրոպայի հետ համագործակցության սեփական և ինքնավստահ ուղին»,- ասաց նա։
Այս կապակցությամբ ԱԺԿ առաջնորդը կարծում է, որ սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո, ՆԱՏՕ-ն ընդունվում է որպես «ԵՄ նախասրահ»։
«Այս առումով Հայաստանի համար ծայրահեղ կարևոր է համագործակցությունն այս կազմակերպության հետ, մասնավորապես՝ բանակի վերազինման պլանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա հիմնվում է տնտեսական և քաղաքական բաղադրիչների վրա։
Հոկտեմբերի 10-ին Երևանում Մոսկվայի Տանը տեղի ունեցած «Ռուսաստանը և Հայաստանը. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» կլոր սեղանին մասնակցեցին հայ հայտնի փորձագետ-քաղաքագետներ, հասարական-քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Միջոցառման կազմակերպիչներն են ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա» ռուսական հիմնադրամը և Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գիտական և մշակութային միջազգային համագործակցության ռուսական կենտրոնը (Ռոսզարուբեժցենտր)։-0-