Թրաֆիկինգի դեմ պայքարը Հայաստանի համար հայեցակարգային և առաջնահերթ խնդիր է. ՀՀ գլխավոր դատախազ

09.10.2007, 18:31
Թրաֆիկինգի դեմ պայքարը Հայաստանի համար հայեցակարգային և առաջնահերթ խնդիր է. ՀՀ գլխավոր դատախազ

Կառավարության և ՀՀ գլխավոր դատախազության համար թրաֆիկինգի դեմ պայքարը հայեցակարգային և առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ ելույթ ունենալով երեքշաբթի Երևանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 8-րդ նիստի ընթացքում։

«Միջազգային բնույթ կրող այս հանցագործության դեմ նպատակամղված պայքար կազմակերպելու համար, 2005թ. հունիսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության հետաքննչական վարչության կազմում ստեղծվեց Մարդկանց առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժին»,- ասաց գլխավոր դատախազը։

Հովսեփյանը նշեց, որ թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ որոշումներն իրագործելու համար նաև հատուկ հրամանագիր է հրապարակվել՝ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարություններով, մեթոդական նամակներ են հասցեագրվել համայնքների և մարզերի դատախազներին։

Գլխավոր դատախազի խոսքերով, թրաֆիկինգի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով փոփոխություններ են կատարվել հանրապետության Քրեական օրենսգրքում, ձևավորվել է լիարժեք դատական պրակտիկա։

«Մեր հանրապետության քաղաքացիների թրաֆիկինգի նպատակային երկրներն հիմնականում ԱՄԷ և Թուրքիան են։ Նարնց տեղափոխումն այս երկրներ գլխավորապես կատարվում է տարանցիկ ճանապարհով. ԱՄԷ-ներ՝ Մոսկվայի միջով, իսկ Թուրքիա՝ Վրաստանի միջով»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը։

Այլ երկրների իրավապահ մարմինների հետ միջազգային համագործակցության առնչությամբ Ա. Հովսեփյանը նշեց, որ ԱՊՀ երկրների հետ այդ հարաբերությունները կանոնակարգվում են բազմակողմանի և երկկողմանի պայմանագրերով, ինչպես նաև համագործակցություն է հաստատվել ԱՄԷ-ի հետ։

Սակայն, ինչպես նշեց գլխավոր դատախազը, հիմնախնդիրներ կան Թուրքիայի հետ համագործակցության առումով, քանի որ Հայաստանը նրա հետ չունի դիվանագիտական հարաբերություններ։

«Թեև Հայաստանի իրավապահ մարմինները որոշակի աշխատանք են ձեռնարկել թրաֆիկինգի դեմ պայքարում, դեռևս կան մի շարք թերություններ և բացթողումներ, թույլ է համագործակցությունը միգրացիայի, փախստականների, որդեգրման, զբոսաշրջության, հյուրանոցների պահպանության ծառայությունների հետ»,- նշեց Հովսեփյանն՝ ավելացնելով, որ բավականաչափ վերահսկողություն չի ապահովվում նաև այն անձանց վարքագծի նկատմամբ, որոնք կրում են իրենց պատիժը, որը կապված չէ ազատազրկության կամ քրեական դատվածության հետ։

Այս ասպեկտում նա նշեց թրաֆիկինգի դեմ պայքարի աշխատանքների ակտիվացման կարևորությունը, այդ թվում՝ միջազգային մակարդակով։

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի նիստը Երևանում մեկնարկեց հոկտեմբերի 9-ին։

Գլխավոր դատախազների և առաջին տեղակալների մակարդակով նիստին մասնակցում են պատվիրակություններ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ուկրաիանայից, Թուրքմենիայից, Ռուսաստանից, Վրաստանից։ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել նիստին։

Նիստի օրակարգ է մտցվել շուրջ տասը հարց, այդ թվում մարդավաճառության դեմ պայքարում ԱՊՀ երկրների դատախազությունների համագործակցությունը, հանցավորության հաշվառման և վիճակագրության միասնական համակարգի ստեղծումը, ԱՊՀ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված Համակարգող խորհրդի նախորդ որոշումների իրականացման ընթացքի քննարկումը։

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների Համակարգող  խորհուրդը գործում է 1995-ից։ Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի սկզբունքների հիման վրա՝ ապահովելով հանցավորության դեմ պայքարում և դատախազական վերահսկման մեջ գլխավոր դատախազների համագործակցությունը։

ԱՊՀ երկրների ղեկավարների 2000-ի հունվարի 25-ի որոշմամբ Համակարգող խորհրդին շնորհվել է միջպետական կառույցի կարգավիճակ։--0--