Կովկասյան կամերային նվագախմբի համերգը տեղի ունեցավ Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարում

08.10.2007, 15:55
Կովկասյան կամերային նվագախմբի համերգը տեղի ունեցավ Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարում

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 5-ին Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարում (Saint-Louis des Invalides) հայ և վրացի երաժիշտների մասնակցությամբ տեղի ունեցավ Կովկասյան կամերային նվագախմբի համերգը՝ գերմանացի կոմպոզիտոր Ուվե Բերկեմերի ղեկավարությամբ:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, համերգի նպատակն էր ունկնդիրներին փոխանցել մշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների բարեկամության և խաղաղության ամրապնդման պատգամը։

Նվագախմբի կատարմամբ հնչեցին հայկական, վրացական, ադրբեջանական, գերմանական, իտալական և ֆրանսիական ստեղծագործություններ։

Միջոցառման կազմակերպիչներն էին Եվրոխորհրդարանում Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար, ֆրանսիացի խորհրդարանական Մարի Իզլեր Բեգենին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը և  Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավային: 

Ինվալիդների տաճարը, որտեղ գտնվում է Նապոլեոն Բոնապարտի գերեզմանը, Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է, ուր ամեն տարի այցելում են մեկ միլիոնից ավելի ֆրանսիացիներ և արտասահմանցիներ։ --0—