Երևանում տեղի է ունեցել Սերգեյ Պողոսյանի «Իմացիր և գործիր» գրքի շնորհանդեսը
Երևանում տեղի է ունեցել «Իմացիր և գործիր» գրքի շնորհանդեսը։ Ինչպես երկուշաբթի տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեղեկացրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչը, ձեռնարկի նպատակն է լրացնել հասարակությունում գոյություն ունեցող տեղեկատվական բացը։
«Մեր հանրային ընդունարանների փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում կորուպցիոն ռիսկերը պայմանավորված են իրենց իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև համապատասխան գործընթացների մասին քաղաքացիների և պաշտոնյաների իրազեկության պակասով», - նշեց Բոյանիչը։
Գրքի հեղինակ Սերգեյ Պողոսյանի խոսքերով, «Իմացիր և գործիր» ձեռնարկը շոշափում է այն հարցերն ու խնդիրները, որոնք ծագում են որոշ քաղաքացիների մոտ տեղեկատվության պակասի պատճառով։
«Եթե առաջին հրատարակության մեջ շեշտը դրվել է տեղական ինքնակառավարման մարմինների մասին տեղեկատվության ապահովման վրա, ապա երկրորդ, լրացուցիչ տարբերակը, իր մեջ է ընդգրկում գործնական շատ տեղեկատվություն, մասնավորապես ունեցվածքի և անձնական իրավունքների, ինչպես նաև կանանց իրավունքների մասին տեղեկատվություն», - նշեց նա։
Պողոսյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր երկրի քաղաքացի պետք է ապահովված լինի իրեն անհրաժեշտ տեղեկատվությամբ իր իրավունքների պաշտպանության համար։
«Իրազեկ ես՝ նշանակում է զինված ես»։ Սա «Իմացիր և գործիր» գրքի նշանաբանն է», - ասաց նա։
«Միլենիում» կրթահետազոտական ասոցիացիայի ծրագրերի համակարգող Դինա Մանուկյանը իր հերթին ավելացրեց, որ գիրքը գրված է մատչելի և հասկանալի լեզվով։
Գրքում ներկայացված է գործնական տեղեկատվություն տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարական գրասենյակների, զագսերի, անձնագրային բաժինների գործառույթների, պարտականությունների և ադմինիստրատիվ գործընթացների մասին։
Ձեռնարկը տպագրված է ԵԱՀԿ-ի աջակցությամբ, մշակված է «Միլենիում» կրթահետազոտական հասարակական կազմակերպության ՝ հիմնվելով Մարտունիում գործող հակակոռուպցիոն «հանրային ընդունարանի» փորձի վրա։
«Իմացիր և գործիր» գրքի տպաքանակը 2 հազ. է։-0-

