Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կիրակի Հայաստան կժամանի

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը կիրակի հինգօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին Երևանում գտնվող Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակում։
Այցի ժամանակ Եվրախորհրդի հանձնակատարը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, Աժ խոսնակ Տիգրան Թորոսյանի, պատգամավորների, Սահմանադրական և Վերաքննիչ դատարանների ղեկավարների, Հայաստանի օմբուդսմենի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Համմարբերգի ուշադրության կենտրոնում կլինի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, ներառյալ դատական մարմինների աշխատանքը, ազատազրկման վայրերում պահման պայմանները, կտտանքների և վատ վերաբերմունքի արգելման խնդիրը, խոսքի և հավաքների ազատության պաշտպանությունը, փոքրամասնությունների և համոզմունքների պատճառով զինծառայությունից խուսափող անձանց հարցը, փախստականների իրավունքները, մարդկանց սոցիալական և տնտեսական իրավունքները»,-նշել են տեղեկատվական գրասենյակում։
Եվրախորհրդի հանձնակատարը կայցելի ոստիկանության տարբեր բաժանմունքներ, ազատազրկման վայրեր, Երևանի և Գյումրիի կացարաններ և հոգեբուժարաններ։
Համմարբերգը կքննարկի նաև մարդավաճառության և բնակչության խոցելի հատվածների խնդիրները։ Տարեվերջին, Եվրախորհրդի հանձնակատարի Հայաստան այցի արդյունքներով կպաստրաստվի կոնկրետ առաջարկներով գնահատող զեկույց։--0—