Երևանում տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը

05.10.2007, 19:42
Երևանում տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Առաջիկա երեքշաբթի Երևանում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստ, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

Նիստի օրակարգում ընդգրկված են մարդկանց առեւտրի դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համագործակցությանը, հանցագործությունների գրանցման եւ վիճակագրության միասնական համակարգի մշակմանը, ԱՊՀ անդամ-պետությունների տարածքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին վերաբերող կոորդինացիոն խորհրդի նախկինում ընդունած որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհուրդը գործում է 1995 թվականից: Այն իր գործունեությունը կազմակերպում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերով ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ապահովելով հանցավորության դեմ պայքարում,  դատախազական հսկողության բնագավառում ԱՊՀ անդամ-պետությունների  գլխավոր դատախազների համագործակցությունը:

2000 թվականի հունվարի 25-ին, ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների որոշմամբ, կոորդինացիոն խորհրդին տրվել է միջպետական կառույցի կարգավիճակ։ --0--