Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Երևանյան միջազգային 12-րդ խորհրդաժողովը՝ նվիրված մարդու իրավունքներին

05.10.2007, 12:07
Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Երևանյան միջազգային 12-րդ խորհրդաժողովը՝ նվիրված մարդու իրավունքներին
Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Երևանյան միջազգային 12-րդ խորհրդաժողովը՝ նվիրված մարդու իրավունքներին

Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Երևանյան միջազգային 12-րդ՝ «Սահմանադրական դատարանների և օմբուդսմենների համագործակցության միջազգային փորձը՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտում» խորհրդաժողովը։

Ինչպես խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, խորհրդաժողովը կարևոր դեր է խաղում մարդու իրավունքների պաշտպանության գործում։

«Խորհրդաժողովին մասնակցում են Արևմտյան և Արևելյան Եվրոպայի, երիտասարդ ժողովրդավարության ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ, և այն հնարավորություն կտա նրանց՝ վեր հանել և լուծել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հրատապ խնդիրները», - ասաց  Գ. Հարությունյանը։

Սահմանադրական դատարանի նախագահի կարծիքով, հենց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունն է երկրի ժողովրդավարական զարգացման հիմնական գրավականը։

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում Գ. Հարությունյանը հատուկ դեր վերապահեց սահմանադրական դատարաններին ու մարդու իրավունքների պաշտպաններին։ «Որքան էլ որ յուրահատուկ դեր ունենան այս երկու ինստիտուտները, համագործակցությունը դրանց միջև մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության առավել ամուր հիմք է ստեղծում», -  ասաց նա։

Հայաստանի ՍԴ նախագահը հիշեցրեց, որ 2005 թ.-ին, Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումից հետո, երկրի քաղաքացիներին և Մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն է ընձեռվել դիմել ՍԴ։

Գ. Հարությունյանի խոսքերով, մեկուկես տարվա փորձը ապացուցում է սույն ինստիտուտի արդյունավետությունը։ Նա նշեց, որ երիտասարդ ժողովրդավարության  երկրներին բնորոշ է քաղաքացիների իրավաճանաչման ու իրավագիտակցման ցածր մակարդակը, մարդու իրավունքների դատական պաշտպանության թերի համակարգը։

Սույն տեսանկյունից՝ Հայաստանի ՍԴ նախագահը կարևորեց մարդու իրավունքների հնարավոր խախտման կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

Վենետիկյան հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջանի Բուկիկիոն իր հերթին նույնպես նշեց այն հատուկ դերը, որ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում խաղում են սահմանադրական դատարաններն ու մարդու իրավունքի պաշտպանները։

«Այս երկու ինստիտուտները երաշխավորում են մարդու իրավունքներն իրենց երկրներում։ Իհարկե, նրանք չեն գործում հավասարարժեք, սակայն մարդու իրավունքների պաշտպանության նրանց գործառույթը նույնական է», - ասաց նա։

Բուկիկիոն նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը բացում է մարդու իրավունքների պաշտպանության ոչ իրավաբանական ճանապարհ, այն դեպքում, երբ սահմանադրական դատարանները իրավաբանական խիստ գնահատակ են տալիս յուրաքանչյուր դեպքի, և այս տեսանկյունից՝ Վենետիկյան հանձնաժողովի նախագահը նշեց այդ ինստիտուտների համագործակցության անհրաժեշտությունը, հատկապես երիտասարդ ժողովրդավարության երկրներում։-0-