Երևանում տեղի է ունեցել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնաճյուղի շնորհանդեսը

05.10.2007, 11:23
Երևանում տեղի է ունեցել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնաճյուղի շնորհանդեսը

Երևանում հինգշաբթի տեղի է ունեցել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund - WWF-Հայաստան) Հայաստանի մասնաճյուղի շնորհանդեսը։

Ինչպես արարողության ժամանակ հայտարարել է WWF International-ի Եվրոպայի և Միջին Ասիայի տնօրեն Ջորջ Շվեդեն (Georg Schwede), այսօր շրջակա միջավայրի պաշտպանությունը մարդկության այժմեական խնդիրներից է։

«Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությունը WWF-Հայաստանի հիմնական խնդիրն է, քանի որ այս երկրի բնությունը արտասովոր կերպով հարուստ ու բազմազան է, այդ պատճառով մենք պարտավոր ենք հնարավորություն տալ նաև հաջորդ սերունդներին՝ զմայլվել բնության ողջ գեղեցկությամբ և հարստությամբ», - նշել է Շվեդեն։

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր հերթին ասել է, որ այսօր հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել՝ բնապահպանական խնդիրները բերել առաջին պլան։

«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ մեր համագործակցությունը կշարունակվի նոր ուժով։ Մեր աշխատանքի նպատակն է՝ ավարտին հասցնել արդեն սկսված ծրագրերը, մեր առջև ավելի նոր խնդիրներ դնել և ապահովել դրանց լուծումը», - նշել է նա։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն իր հերթին ավելացրել է, որ իրենց հիմնական խնդիրը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի ֆլորայի ու ֆաունայի ողջ հարստության և բազմազանության պահպանումն է։

«Անհնար է անխաթար պահել սեփական տարածքը, այն դեպքում, երբ հարևան տարածքը չի պահպանվում», - ասել է նա։

Նա նաև նշել է, որ WWF-Հայաստանի ծրագիրը համահունչ է աշխարհի բազմաթիվ երկրների բնապահպանական ազգային ծրագրերին։

WWF-ն սկսել է համագործակցել Հայաստանի հետ 2001 թ.-ին։-0-