Հայաստանի գլխավոր դատախազությունը զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների աշխատանքում բացթողումներ է հայտնաբերել
Հայաստանի գլխավոր դատախազությունը զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների աշխատանքում բացթողումներ է հայտնաբերել։
Ինչպես ուրբաթ Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտնեց Հայաստանի ռազմական դատախազ, Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատրյանը, մասնավորապես, բացահայտվել են դեպքեր, երբ բժշկական եզրակացությունը և դրա հիման վրա ընդունված որոշումները չեն համապատասխանել կոնկրետ անձի առողջական իրական վիճակին։
Նա նշեց, որ հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ հավաքակայան են բերվել բացահայտ առողջական շեղումներ ունեցող զինակոչիկներ, և նրանց ուղևորումը ծառայության հնարավոր է եղել կանխել միայն հավաքակայանում գործող բժշկական հանձնաժողովների շնորհիվ։
Ռազմական դատախազը խիստ անհանգստացնող է անվանել այն տարբերությունները, որոնք առկա են տարբեր բժշկական հաստատությունների բժշկական ակտերում կոնկրետ անձի առողջության վերաբերյալ։
Իր հերթին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը առողջապահության փոխնախարարի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ բավականին հաճախակի են հետախուզման մեջ գտնվող և հայտնաբերված զինակոչիկների՝ հիվանդության պատճառով զինծառայությունից ազատման դեպքերը։
Գլխավոր դատախազը կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին հանձնարարեց հետազոտել յուրաքանչյուր նման դեպք՝ պարզելու համար զինկակոչիկին զինծառայության համար ոչ պիտանի ճանաչելու եզրակացության պատճառաբանվածությունը։
Միաժամանակ որոշվեց միջնորդություն ուղարկել առողջապահության նախարարին՝ քննարկելու համար զինակոչիկներին տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրվող հակասական եզրակացությունների դեպքերը, ինչից հետո անել համապատասխան կազմակերպչական հետևություններ։--0—

