ՌԴ հասարակական պարգևների ազգային կոմիտեի նախագահին շնորհվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևը
Ռուսաստանի հասարակական պարգևների ազգային կոմիտեի նախագահ, կրթության բնագացառում ՌԴ նախագահի պարգևի դափնեկիր Վիկտոր Շևչենկոյին շնորհվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևը՝ ոսկե հուշամեդալ կրթության բնագավառում և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում զգալի ներդրման համար։
«Ես խորը հուզմունքով եմ ընդունում այս պարգևը, քանի որ Հայաստանի հետ ինձ կապում են պատմական խորը արմատներ», - հայտարարեց Վիկտոր Շևչենկոն հինգշաբթի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցած պարգևտրման արարողության ժամանակ։
Նրա խոսքերով, 1915 թ.-ին՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ նրա հայրը՝ Նիկոլայ Շևչենկոն զոհվել է՝ «պաշտպանելով բազմաչարչար հայ ժողովրդին»։
«Իմ համար մեծ պատիվ է արժանանալ Հայաստանի կրթության և գիտության նախարարության բարձր պարգևին», - ասաց Շևչենկոն՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս աշխատել ի բարօրություն հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

