ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածները պետության Սահմանադրության հետ համապատասխանեցնելու համար
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է հանրապետության Սահմանադրական դատարան «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածները պետության Սահմանադրության հետ համապատասխանեցնելու համար։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից, Ա. Հարությունյանը խնդրում է վերանայել ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասին և նույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին համապատասխանության հարցը :
Այսպես, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ուշադրության է հրավիրում օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին, ըստ որի՝ մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ նույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգի։
Սույն հոդվածը իր հերթին առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատանքը չի դիտում որպես ստաժի հաշվարկման առանձնահատկություն, մինչդեռ, մինչև "Պետական կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործող "ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին" ՀՀ օրենքի (ընդունվել է 06.12.1995թ., ուժը կորցրել է 10.04.2003թ.) 30-րդ հոդվածի համաձայն` առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկվում էր մեկուկես անգամ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև կարծում է, որ "Պետական կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի 73-րդ հոդվածը վերաբերում է մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը և չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը։
Պաշտպանի կարծիքով, սույն դրույթները վատթարացնում են քաղաքացիների վիճակն ու վերացնում նախկինում գործող օրենսդրությամբ ձեռք բերված նրանց իրավունքները:
Երկրորդ հարցը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածին, ըստ որի աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Սակայն 25 տարի ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում: Բացի այդ, դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավել։
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, սույն սահմանափակումները խախտում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից յուրաքանչյուրի օգտվելու սահմանադրական իրավունքը:-0-