ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոմիտեն հոկտեմբերի 10-ին կվերանայի Եղեռնին վերաբերող բանաձևը

03.10.2007, 20:06
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոմիտեն հոկտեմբերի 10-ին կվերանայի Եղեռնին վերաբերող բանաձևը
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոմիտեն հոկտեմբերի 10-ին կվերանայի Եղեռնին վերաբերող բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հոկտեմբերի 10-ի նիստում կվերանայի հայերի Ցեղասպանությանը վերաբերող 106-րդ բանաձևը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարում (Armenian Assembly of America), 106-րդ հռչակագրի հեղինակ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոնը և Ջո Նոլլենբերգը վստահություն են հայտնել, որ Կոմիտեն կընդունի այդ փաստաթուղթը։

«Այդ բանաձևին Կոնգրեսի կողմից աջակցությունը ողջ աշխարհի համար ազդանշան կլինի, որ ԱՄՆ-ը չի հանդուրժում ցեղասպանություններ։ Մեր երկրի կողմից հայերի Ցեղասպանության ճանաչումը նման հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլ է»,-նշվում է օրենսդիրների համատեղ հայտարարության մեջ։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ կերպով արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը, և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող հարցերը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-