ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի ոստիկանական ակադեմիային կտրամադրի 33 հազ. դոլար արժողությամբ համակարգիչներ և սարքավորում

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի ոստիկանական ակադեմիային կտրամադրի մոտ 33 հազ. դոլար արժողությամբ համակարգչային տեխնիկա և սարքավորումներ։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունից, համապատասխան փաստաթուղթը հոկտեմբերի 3-ին Երևանում ստորագրեցին ԱՄՆ դեսպանատան Անդրազգային հանացվորության հարցերով ծրագրի ղեկավար Վիլյամ Դուգլասը և Ոստիկանական ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման ֆակուլտետի վարիչ, գնդապետ Էդուարդ Չիբուխչյանը։
«Նոր սարքավորումը ձեռք է բերվել Թմրանյութերի դեմ պայքարի և ԱՄՆ դեսպանատան իրավապահ մարմինների հետ համագործակցության բաժնի կողմից»,- նշվում է մամլո հաղորդագրությունում։
Այս ծրագիրը իրավապահ մարմինների աջակցության ԱՄՆ կառավարության համալիր ծրագրի բաղկացուցիչներից մեկն է։
ԱՄՆ դեսպանատան կողմից Հայաստանի ոստիկանական ակադեմիային տրամադրված սարքավորման ընդհանուր արժեքը գերազանցում է 190 հազ. դոլարը, դրանց թվում՝ մարզական գույք, տեսա-լսաձայնագրման սարքավորումներ, հրաձգային պատրաստության նմանակման համակարգեր։ Մայիսին ԱՄՆ հետախուզության դաշնային բյուրոյի գործակալները ակադեմիայում դասընթացներ անցկացրեցին համակարգչային հանցագործությունները կանխարգելման վերաբերյալ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բաժնի միջոցով ֆինանսավորել է Փորձագիտության ազգային բյուրոյի, Հայաստանի ոստիկանության ուսումնական կենտրոնի շենքերի, Երևանում սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնների և Վանաձորի մաքսային ծառայության շենքերի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև տրամադրել է համակարգչային տեխնիկա։
Դեսպանատունը ՀՀ կառավարության հետ համատեղ ոստիկանության համար մշակում է սահմանային տեղեկատվության կառավարման համապետական համակարգ և համապետական համակարգչային ցանց։ Ամեն տարի Հայաստանի թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բաժնի միջոցով տրամադրվում է 3 մլն. դոլարի օգնություն։ --0—