Երևանում բացվել է պատանիների շախմատի աշխարհի առաջնությունը

03.10.2007, 13:38
Երևանում բացվել է պատանիների շախմատի աշխարհի առաջնությունը
Երևանում բացվել է պատանիների շախմատի աշխարհի առաջնությունը

Չորեքշաբթի Երևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատիստների կենտրոնական տանը, տեղի է ունեցել մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։

«Այսօր Երևանում մեկնարկում է շախմատային ողջ աշխարհի համար կարևոր մի միջոցառում։ Ես ողջունում եմ առաջնության բոլորին մասնակիցներին և հայտարարում եմ այն բացված», - արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Լևոն Յոլյանը։

Նա նշեց, որ առաջնության մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է։ «Այս տարի առաջնությանը մասնակցում են ավելի քան 150 շախմատիստներ՝ աշխարհի 50 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Չիլիից, Կուբայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից», - ասաց Յոլյանը՝ նշելով, որ Հայաստանը ներկայացնում են 12 պատանի և 10 աղջիկ։

«Ես համոզված եմ, որ առաջնության որոշ մասնակիցներ հետագայում կհամալրեն շախմատի աշխարհի էլիտան, ինչես նաև կպայքարեն բարձր պարգևների համար», - նշեց Յոլյանը։

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ պատանիների շախմատի 2007 թ. աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու որոշումը ընդունվել է ՖԻԴԵ-ի կողմից։

«Այս որոշումը ըդնունել է ՖԻԴԵ-ն՝ հաշվի առնելով շախմատային կյանքում  Հայաստանի հեղինակությունը և միջազգային առաջնությունների անցկացման նրա մեծ փորձը», - պարզաբանեց նա։

Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ առաջնության առաջատարների թվում են Հայաստանի հավաքականում ելույթ ունեցող այնպիսի շախմատիստներ, ինչպիսիք են գրոսմայստեր Արման Փաշիկյանը, միջազգային վարպետներ Հրանտ Մելքումյանն ու Ավետիք Գրիգորյանը։

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ շախմատիստների գլխավոր մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

Պատանիների շախմատի աշխարհի առաջնությունն անցակացվում է հոկտեմբերի 3-19-ը՝ շվեյցարական համակարգով՝ 13 փուլով։ Առաջնության հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, նախատեսված են նաև խրախուսական մրցանակներ՝ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կողմից։

Առաջնության կազմկոմիտեն գլխավորում է Հայաստանի վարչապետ, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, գլխավոր դատավորն է Արմեն Նիկողոսյանը։

Անցած տարի պատանիների շախմատի աշխարհի առաջնությունը կրկին  անցկացվում էր Երևանում։ 2006 թ. աշխարհի առաջնության արդյունքներով, պատանիների չեմպիոն դարձավ հայ Զավեն Անդրեասյանը, իսկ աղջիկների մեջ՝ չինացի Չեն Յանգը։-0-