«Ժառանգություն» խմբակցությունը կոչ է անում պատգամավորներին՝ միանալ «քաղբանտարկյալների» պայմանական վաղաժամկետ ազատման երաշխավորագրին
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը կոչ է անում պատգամավորներին՝ միանալ «քաղբանտարկյալներ» Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի պայմանական վաղաժամկետ ազատման երաշխավորագրին։
Ինչպես խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Զարուհի Բոստանջյանը, «քաղբանտարկյալ» հասկացությունը հարիր չէ ժողովրդավարական պետությանը։
«Սեփական կարծիքի արտահայտման համար մարդկանց բանտարկելը հարիր չէ ժողովրդավարական պետությանը։ Նման դատավճիռները ոչ միայն ամոթալի են հայ ժողովրդի համար, այլև լրջորեն վնասում են երկրի միջազգային հեղինակությանը», - ասել է պատգամավորը։
Նրա խոսքերով, «ազգի նվիրյալների ապօրինի դատապարտումը դառնում է ողջ հասարակության խնդիրը, իսկ իրավական կամայականությունները մեծացնում են ժողովրդի և իշխանության անվստահությունը»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և «հանուն արդարության՝ անհրաժեշտ է ոչ թե պիտակներ փակցնել, այլ իրավապահ մարմիններից հստակ գնահատական պահանջել»։
2007 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը և խստացրեց Վահան Արոյանի պատիժը։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատապարտեց Ժիրայր Սեֆիլյանին 18 ամիս, Վարդան Մալխասյանին՝ երկու տարի, Վահան Արոյանին՝ 18 ամիս ազատազրկման, ընդ որում, Վերաքննիչ դատարանը երկարեցրեց Արոնյանի ազատազրկումը՝ մինչև 2 տարի։
«Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և այդ կազմակերպության ակտիվիստ Վարդան Մալխասյանը կալանքի տակ են գտնվում 2006 թ. դեկեմբերից։ Սեֆիլյանն ու Մալխասյանը ձերբակալվել են՝ սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու մասին հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։-0-