Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի համար. ՀՔԴՄ առաջնորդ
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի համար և ոչ միայն մեր խնդիրն է, այլև՝ ամբողջ տարածաշրջանինը»,- ասաց նա։
Միաժամանակ Հարությունյանը տեղեկացրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է նաև Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող հիմնական առաջատարների դիրքորոշումներից։ ՀՔԴՄ առաջնորդը, մասնավորապես, կարծում է, որ նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության դեպքում ղարաբաղյան հարցը լինելու է կարևորագույններից մեկը։
«Անկասկած, ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը Հայաստանի համար կարևորագույն երկարաժամկետ շահ է։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի փոխզիջումներ, և այստեղ հարկավոր է հիշել Տեր-Պետրոսյանի արտահայտությունն այն մասին, որ փոխզիջումը ոչ թե ընտրություն է լավի և վատի միջև, այլ՝ վատի և վատագույնի, որտեղ հաղթում է ուժեղագույնը»,- ավելացրեց քաղաքական գործիչը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ. մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ. մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։--0--