Հայ լրագրողները պետք է ավելի օբյեկտիվ լուսաբանեն Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները

01.10.2007, 14:52
Հայ լրագրողները պետք է ավելի օբյեկտիվ լուսաբանեն Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ լրագրողները պետք է ավելի օբյեկտիվ լուսաբանեն Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները, երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղևոնդյանը։

Նրա խոսքերով, հայ լրագրողները չպետք է բառացի թարգմանեն և հրապարակեն նույնիսկ ամենահեղինակավոր միջազգային հեռուստաալիքների նյութերը։

«Ամերիկյան և եվրոպական լրագրողները հաճախ իրենց կարծիքն են արտահայտում Լիբանանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Այդ կարծիքները սովորաբար բխում են իրենց երկրի պետական շահերից, որոնք միշտ չէ, որ համընկնում են մեր շահերի հետ»,- ասաց դեսպանը։

Նա նշեց, որ միջազգային ԶԼՄ-ների տեղեկությունները հաճախ լինում են ոչ ստույգ կամ խեղաթյուրված, հատկապես՝ քաղաքական ուժերի և կուսակցությունների ներկայացման դեպքում։

«Այն կուսակցությունները, որոնց դիրքորոշումները չեն համընկնում ամերիկյանի հետ, ամերիկացի լրագրողների կողմից ներկայացվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ, թեև իրականում դրանք լուրջ քաղաքական ուժեր են»,- ասաց Տեր-Ղևոնդյանը։

Նա նշեց, որ Հայաստանի շահերից ելնելով, տեղական լրագրողները պետք է ավելի քննադատաբար մոտենան այդպիսի նյութերին և վերստուգեն ողջ տեղեկատվությունը։--0—