Հայաստանի ԱԳ նախարարը Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության մասին որոշումը համարում է քաղաքական

01.10.2007, 13:50
Հայաստանի ԱԳ նախարարը Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության մասին որոշումը համարում է քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Կարս (Թուրքիա)-Ախալքալաքի (Վրաստան)-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության մասին որոշումը համարում է քաղաքական։

«Բացահայտ է, որ Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության մասին որոշումը ընդունվել է քաղաքական շարժառիթներով` Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ», - հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության  «Հայրենիք» թերթին։

Նրա խոսքերով, այս նախագիծը չի կարող տնտեսական խոշոր վնաս պատճառել Հայաստանին, ինչպես և Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա գնացող հայտնի նավթատարն ու գազատարը։

«Սակայն քաղաքական տեսակետից նախագիծը ի վիճակի է անբարենպաստ մթնոլորտ ստեղծել մեր տարածաշրջանում», - կարծում է Վ. Օսկանյանը։

Նրա կարծիքով, իսկապես անտեղի ու անհիմն են այն հարյուր միլիոնավոր դոլարների ծախսերը, որոնք նախատեսված են ընդամենը գոյություն ունեցող երկաթուղուն (Կարս-Գյումրիին) զուգահեռ նորը «կառուցելու համար»:

«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա դժվար է պատկերացնել որևէ պետություն, որը կհրաժարվեր նման շահավետ պայմաններից` սեփական տրանսպորտային ենթակառույցը վերանորոգելու և նորը կառուցելու համար: Վրաստանում, բացի տնտեսական աճից ու եկամուտների ակնկալիքներից, չեն թաքցնում, որ այդ ծրագիրը մեծապես նպաստելու է նաև կենտրոնի ու տարբեր շրջանների միջև հաղորդակցության կապերի վերականգնմանը», - ասել է Վ. Օսկանյանը։

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան 2007 թ.-ի փետրվարի 7-ին Թբիլիսիում ստորագրել են Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային միջազգային միջանցքի ստեղծման մասին  միջպետական համաձայնագիրը, որը նախատեսում է 98 կմ երկարություն ունեցող երկրաթգծի կառուցումը, ինչպես նաև Ախալքալաքի-Թբիլիսի երկաթգծի վերանորոգումը։

Նախագծի արժեքը կազմում է 600 միլիոն դոլար։ Կանխատեսվում է, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային միջանցքի շահագործման առաջին տարիներին ամենամյա ապրանքաշրջանառությունը կհասնի 2-3 միլիոն տոնայի՝ 5-8 միլիոն տոնայի հասցնելու հեռանկարով։

 Հայաստանը դեմ է այս նախագծին և առաջարկում է վերականգնել Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղային գիծը, ինչը հավելյալ ներդրումներ չի պահանջում։

ԱՄՆ-ը նույնպես հավանություն չի տալիս նախագծի իրագործմանը, քանի որ կարծում է, որ այն նպաստում է տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը։-0-