Հայաստանը և ՌԴ Օմսկի մարզը մտադիր են զարգացնել տնտեսական համագործակցությունը

28.09.2007, 18:39
Հայաստանը և ՌԴ Օմսկի մարզը մտադիր են զարգացնել տնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի Օմսկի մարզի ձեռնարկատերերը հեռանկարային են  համարում Հայաստանի հետ համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց Օմսկի մարզի գործատուների տարածաշրջանային միավորման նախագահ Ալեքսանդր Տրետյակովը, որն այցով Հայաստանում է գտնվում։

Տերտյակովի խոսքերով, Օմսկի պատվիրակության այցելությունը Երևան պայմանավորված է Հայաստանի հնարավորությունների ուսումնասիրմամբ, ինչպես նաև սեփական ներուժով կիսվելու անհրաժեշտությամբ։
 
«Հայաստանին կարող է հետաքրքիր լինել Օմսկի սարքամեքենաշինությունը, գիտական ներուժով ապահովված առաջատար տեխնոլոգիները, ծառայությունների, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությունը»,-ասաց Տրետյակովը։

Նրա խոսքերով, Հայաստանը Օմսկի ձեռնարկատերերին հետաքրքրում է շինարարական արդյունաբերությամբ, գիտական տեխնոլոգիաներով, ինչպես նաև աշխարհում պահանջված հայ ծրագրավորողներով։

«Այսօր մենք առաջին քայլն ենք անում, որը փոխադարձ հետաքրքրությունները և հնարավորությունները նկատի ունենալով, կարող է վերածվել փոխհարաբերությունների հաջող համակարգի»,-ասաց Տերտյակովը։

Նրա տվյալներով, Հայաստանի և Օմսկի միջև ապրանքաշրջանառությունը միջինը կազմում է տարեկան 150 մլն. ԱՄՆ դոլար։ Այդ թիվը ներառում է Օմսկով Սիբիր գնացող ողջ ապրանքահոսքը։ --0—