Հայաստանի ԱԳ նախարարը վրդովված է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու փորձի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վրդովված է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձևը տապալելու փորձի կապակցությամբ։
«Վրդովմունքով ծանոթանացա նախկին ԱՄՆ պետքարտուղարների նամակի բովանդակությանը, որով դրդում են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փըլոսիին տապալել Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձևը»,- ասվում է Օսկանյանի հայտարարության մեջ, որը ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Նախարարը ցավալի է համարում, որ ութ փորձառու դիվանագետներ տեղիք են տալիս «Թուրքիայի մեքենայություններին»: «Այդ նամակում տեղ գտած շատ հարցերի հետ կարելի է չհամաձայնել, հատկապես` այդպիսի բանաձևի կարծեցյալ վնասների առումով: Ես կանդրադառնամ միայն այն անազնիվ հայտարարությանը, ըստ որի այդպիսի բանաձևը «վնաս կհասցնի Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման հասնելու ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Օսկանյանը ափսոսանքով նշել է, որ «այս պահին գոյություն չունի որևէ գործընթաց, որը կխթաներ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ պատճառով էլ մտահոգություններ հայտնել գոյություն չունեցող գործընթացը վնասելու առումով պարզապես շինծու կեցվածք է»:
Նա նշել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ, չնայած որ նորմալացման հանգեցնող յուրաքանչյուր նախաձեռնություն արժանացել է Թուրքիայի մերժմանը:
«Փոխարենը, վերջինս շարունակաբար նախապայմաններ է առաջ քաշում: Թուրքիան առաջարկներ է ներկայացնում, որոնք պարզապես անվերջ բանակցությունների հայտ են` առանց հարևանների միջև նվազագույն, սովորական հարաբերությունների հասնելու լուրջ հանձնառությունների»,-ասել է Օսկանյանը:
Նա ընդգծել է, որ Անկարայի պատմական հանձնաժողով կազմելու կոչը` քննարկելու այդ ցավոտ պատմական իրադարձությունները, լուրջ չէ` հաշվի առնելով ազատ խոսքի և քննարկման վրա դրված սահմանափակումներն իրենց քրեական հետևանքներով և այն ոչ բարեկամական մթնոլորտը, որ Թուրքիան է ստեղծել` Հայաստանի հետ սահմանները փակ պահելով:
«Ես արդեն գրել եմ Խոսնակ Փըլոսիին` արտահայտելով մեր խորը մտահոգությունները և ցրելով հետևանքների մասին այն սին հայտարարությունները, թե որևէ բանաձև, որն անդրադառնում է մարդու իրավունքների ու ցեղասպանության հարցերին, կարող է վնասել որևէ երկկողմ հարաբերություններին»,- ասել է Օսկանյանը:
ԱՄՆ-ի նախկին ութ պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորեն Քրիստոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հայգը, Հենրի Կիսենջերը, Քոլին Փաուելը և Ջորջ Շուլցը դիմել են Նենսի Փըլոսիին՝ պահանջելով Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը չդնել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող106-րդ բանաձևը։
Նրանց կարծիքով այս հարցը քննարկման դնելով, նրանք անհնարին կդարձնեն Թուրքիայի և Հայաստանի հաշտությունը, դա կփչացնի ԱՄՆ-ի հարաբերությունները պաշտոնական Թուրքիայի հետ, կհարվածի ԱՄՆ-ի միջազգային և ազգային շահերին, ինչպես նաև Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններ իրականացնելու սպառանլիք կստեղծի։
Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։
Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ կերպով արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը, և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող հարցերը։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկ ու կես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։
1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ընդունվել է աշխարհի շատ երկրների, ինչպես նաև ԱՄՆ 40 նահագների կողմից։ --0—

